կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. Անահիտ Մանասյան

Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 12-ին «Նորդիկ օրեր-2026» ծրագրի շրջանակներում անցկացված պանելային քննարկման ընթացքում անդրադարձել է կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին և առաջնահերթություններին։ Այս մասին հայտնում են պաշտպանի աշխատակազմից։
 
Պաշտպանն ընդգծել է, որ կանանց և աղջիկների համար հավասար հնարավորությունների ապահովման ճանապարհին շարունակում են խոչընդոտ մնալ հանրային ընկալումներում պահպանվող կարծրատիպերը՝ կանանց և տղամարդկանց սոցիալական դերերի վերաբերյալ։ Անահիտ Մանասյանը նաև ուշադրություն է հրավիրել ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներում վաղ ամուսնությունների խնդրին՝ նշելով, որ այն բացասաբար է անդրադառնում աղջիկների կրթության, զարգացման և այլ իրավունքների իրացման հնարավորությունների վրա։
 
 
Անահիտ Մանասյանը կարևորել է նաև մարդու իրավունքների կրթության դերը՝ ընդգծելով, որ Հայաստանում, հատկապես բարձրագույն ուսումնական հաստատություններում, մարդու իրավունքների կրթությունը դեռևս չի համապատասխանում ժամանակակից միջազգային չափանիշներին, ինչը պահանջում է շարունակական բարեփոխումներ։
 
Քննարկմանը մասնակցել են նաև Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Սատու Կոյվուն և «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ ղեկավար Լարա Ահարոնյանը։ Քննարկումը վարել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը։
 
«Նորդիկ օրեր 2026»-ը Երևանում իրականացվում է Նորդիկ նախարարների խորհրդի (Nordic Council of Ministers) աջակցությամբ, Նորդիկ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների և գործընկեր կառույցների համագործակցությամբ։
 

  • Կիսվել: