Իտալիայում սենատորները կարճ կիսաշրջազգեստով են եկել խորհրդարան՝ ԱԳ նախարարի խոսքերից հետո
Իտալիայում սկանդալ է բռնկվել արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանիի հայտարարությունների շուրջ այն մասին, թե, իր կարծիքով, ինչպիսի մոտեցում պետք է լինի կյանքի ուղեկցուհի ընտրելիս: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը։
Մասնավորապես՝ անցյալ շաբաթ մի միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ Տայանին հայտարարել էր, որ խորհուրդ կտար ամուսնանալ լուրջ կնոջ հետ, որը կրում է «ավելի երկար կիսաշրջազգեստ»։ Նրա խոսքով՝ այդպիսի կինը կարող է այնքան էլ աչքի ընկնող չլինել, բայց փոխարենը՝ ավելի հուսալի և լուրջ, ընդունակ լինել լավ մայր դառնալու և ամուսնուն հավատարիմ մնալու համար։
Նախարարը հավելել էր, որ ինքը միշտ կընտրեր «գեղեցիկ, լուրջ, վստահության արժանի» կնոջ, որը պահպանում է ընտանիքը և մնում ամուսնու կողքին։
Երկար կիսաշրջազգեստ կրող կանանց մասին նրա խոսքերից հետո մի քանի ընդդիմադիր կուսակցությունների կին սենատորներ ի նշան բողոքի կիսաշրջազգեստով են եկել խորհրդարան։
Տայանիի հայտարարություններն առաջացրել են ընդդիմադիր կուսակցությունների, արհմիությունների և կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչների կտրուկ արձագանքը։ Ինքը՝ նախարարը, հետագայում ներողություն է խնդրել՝ հայտարարելով, որ իր խոսքերը կտրվել են ավելի երկար ելույթի համատեքստից և սխալ են ընկալվել։
«Ափսոսում եմ, որ իմ որոշ արտահայտություններ սխալ են հասկացվել։ Ներողություն եմ խնդրում, եթե իմ խոսքերը վիրավորել են որևէ մեկին, բայց ես երբեք նպատակ չեմ ունեցել վիրավորել կանանց», — ասել է Տայանին Նյու Յորք կատարած այցի ընթացքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով։
Սակայն ներողությունը սկանդալին վերջ չի դրել։ Դեմոկրատական կուսակցության, Italia Viva-ի, «Կանաչներ և ձախեր»-ի, «Հինգ աստղերի շարժման» և ինքնավարների խմբի կին սենատորները կիսաշրջազգեստներով հավաքվել են Իտալիայի Սենատի շենքում։
Իտալիայի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսի քարտուղար, մոնսինյոր Ջուզեպե Բատուրը հայտարարել է, որ կանանց մասին յուրաքանչյուր խոսք և յուրաքանչյուր հայացք պետք է լի լինեն հարգանքով։
Իր հերթին վարչապետ Ջորջիա Մելոնին կոչ է արել չչափազանցել Տայանիի հայտարարությունների նշանակությունը՝ դրանք անվանելով անհաջող ձևակերպում։ Կառավարության մյուս ներկայացուցիչները հանդես են եկել նախարարի պաշտպանությամբ։
Պաշտպանության նախարար Գվիդո Կրոզետոն հայտարարել է, որ Տայանին կանանց չի ասել, թե ինչպես պետք է հագնվեն, այլ պարզապես բացատրել է, թե իր դաստիարակությունից և արժեքներից ելնելով՝ ինչպիսի զուգընկերուհու խորհուրդ կտար իր որդուն։
Այդ ընթացքում Տայանիի խոսքերը սոցիալական ցանցերում բազմաթիվ կատակների առարկա են դարձել։ Նախկին վարչապետ և Italia Viva-ի առաջնորդ Մատեո Ռենցին հայտարարել է. «Տայանին հիմա մեմ է, ոչ թե նախարար»։ Նախարարի՝ կանացի հագուստով պատկերները տարածվել են սոցիալական ցանցերում և հայտնվել միջազգային մամուլում։



