Իսրայելի և ԱՄՆ-ի ՊՆ ղեկավարները քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում
Հեռախոսազրույց են ունեցել Իսրայելի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարներ Յոավ Գալանտը և Լլոյդ Օսթինը, հայտնում է Իսրայելի ՊՆ-ն:
Նշվում է, որ կողմերը քննարկել են իսրայելական և ամերիկյան ուժերի համատեղ պատրաստությունը «Իրանից ու լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումից եկող սպառնալիքների լույսի ներքո»:
Հաղորդվում է նաև, որ Գալանտը և Օսթինը համատեղ գնահատել են իրավիճակը, կարծիքներ փոխանակել տարածաշրջանային զարգացումների և սպառնալիքների վերաբերյալ։
Իսրայելի պաշտպանության նախարարն իր գործընկերոջը տեղեկացրել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընթացքի մասին, ինչպես նաև «ընդգծել է իսրայելական բանակի շարունակական գործողության կարևորությունը՝ մնացած ահաբեկչական ենթակառուցվածքի վերացման, ՀԱՄԱՍ-ի թունելների և զինված արմատականների ոչնչացման համար»:
Բացի այդ՝ նախարարները նաև մանրամասն քննարկել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբ ջանքերը: