Հակառակ հայկական կողմի պնդումներին՝ մենք որևէ նախնական համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP նախագծի վերաբերյալ. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ
Հակառակ հայկական կողմի պնդումներին՝ մենք որևէ նախնական համաձայնության չենք հասել Հայաստանի հետ TRIPP նախագծի վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Իրանի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի խորհրդական գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին՝ մեկնաբանելով TRIPP նախագծի շուրջ ստեղծված իրավիճակը և Հայաստանի հետ բանակցությունները։
Նա, մասնավորապես, նշել է. «Այս հարցի շուրջ ո՛չ իրական փոխըմբռնում կա, ո՛չ էլ ընդհանուր լեզու։ Մենք բացահայտ և հստակորեն մեր կարմիր գծերը հայտնել ենք Հայաստանին։
Մյուս կողմից, եթե մենք դեմ ենք ԱՄՆ ներկայությանը Պարսից ծոցում, ապա ինչո՞ւ պետք է աջակցենք նրանց ներկայությանը Հարավային Կովկասում։ Մենք տարածաշրջանը և մեր սահմանների անվտանգությունը դիտարկում ենք որպես մեկ ամբողջություն։ Հետևաբար, այս նախագիծը իր ներկայիս ձևաչափով սպառնալիք է ներկայացնում Իրանի համար։
Մենք շարունակում ենք բանակցությունները Հայաստանի հետ։ Սակայն, եթե այնտեղ անվտանգության պատասխանատվությունը փոխանցվի ամերիկյան զինված ուժերին, Իրանը պահպանում է հակահարված տալու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու իրավունքը։
Ավելի լավ կլիներ, եթե հայ սահմանապահները անկախ կերպով հսկեին իրանա-հայաստանյան սահմանը և դրանով անցնող երթուղիները»:



