հինգշաբթի, սեպտեմբեր 3
3 / 9 / 2026
Իրանը հայտնել է ամերիկյան հարվածների հետևանքով 18 զոհի, 142 վիրավորի մասին

Իրանը հայտնել է ամերիկյան հարվածների հետևանքով 18 զոհի, 142 վիրավորի մասին

Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 30-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ-ի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 18 մարդ, վիրավորվել՝ 142-ը։ Այս մասին X-ում գրառման մեջ նշել է նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանպուրը։

«Վերջին զեկույցի համաձայն՝ օգոստոսի 30-ի ժամը 20:30-ից մինչև սեպտեմբերի 2-ի ժամը 20:30-ն ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով վիրավորվել է 142 մարդ, ևս 18-ը՝ զոհվել», - նշված է գրառման մեջ։

Նրա խոսքով՝ վիրավորներից 61-ը կանայք են, 44-ը՝ 18 տարեկանից փոքր անձինք։ Խոսնակը նշել է, որ զոհվածների թվում կան երկու կին և մեկ երեխա։

Սեպտեմբերի 2-ի գիշերը ԱՄՆ-ն նոր զանգվածային հարվածներ է հասցրել Իրանի օբյեկտներին։ Ի պատասխան դրա՝ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Մերձավոր Արևելքի մի քանի երկրում գտնվող ամերիկյան ռազմական թիրախների ուղղությամբ։

Ներկայիս մարտերը տեղի են ունենում Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի դադարեցման և Հորմուզի նեղուցի վերաբացման նպատակով հունիսի 18-ին կնքված փոխըմբռնման հուշագրի տապալումից հետո: Բախումները վերսկսվել էին հուլիսին՝ հուշագրի իրականացման շուրջ անհամաձայնությունների ի հայտ գալուց հետո: Հուլիսի վերջից փոխադարձ հարվածները շուրջ մեկ ամսով դադարել էին։

 

  • Կիսվել: