Հունաստանի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Թուրքիայի նկատմամբ
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կոչ է արել Եվրամիությանը ավելի կոշտ դիրքորոշում ցուցաբերել Թուրքիայի նկատմամբ:
Նա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. ՛՛Արևմտյան չափավորությունը հաճախ խրախուսում է Թուրքիայի կամայական պահվածքը: Ժամանակն է, որ եվրոպական սկզբունքները վերածվեն եվրոպական պրակտիկայի՛՛։
Հունաստանի վարչապետը հավելել է, որ իր երկիրը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ իր հարևանների հետ՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, սակայն, չնայած դրան, ՛՛Հունաստանը չի հանդուրժի սպառնալիքներ իր ինքնիշխան իրավունքներին՛՛:
Գերմանիայի կանցլերը նշել է, որ Հունաստանի խնդիրները Թուրքիայի հետ նույնպես խնդիր են Եվրոպայի համար, սակայն հավելել է նաև, որ ոչ բոլոր հարցերի շուրջ է հնարավոր լիարժեք կոնսենսուս: