Human Rights Watch-ը քննադատել է Իսրայելի ռազմական արդարադատության համակարգը
Ուրբաթ օրը Արեւմտյան ափին եւ Արեւելյան Երուսաղեմում տոնախմբություններ տեղի ունեցան ի պատիվ 39 պաղեստինցի բանտարկյալների ազատման։
24 կանանցից եւ 15 պատանիներից բաղկացած խումբն ազատ արձակվեց եւ վերադարձավ հարազատների մոտ Արեւմտյան ափի Բեյթունիա անցակետով։
Նրանց մեղադրում են մի շարք իրավախախտումների մեջ՝ քարեր նետելուց մինչեւ սպանության փորձ։ Ոմանք դատապարտվել են, այն դեպքում, երբ մյուսները սպասում են դատի։
Human Rights Watch միջազգային կազմակերպության ծրագրային տնօրեն Սարի Բաշին ВВС հեռուստաալիքին պատմել է, որ պաղեստինցի շատ բանտարկյալներ են պահվում առանց մեղադրանքի, այն համակարգի շրջանակում, որը հայտնի է որպես վարչական կալանավորում։
«Նրանց պահում են կալանքի տակ գաղտնի ապացույցների հիման վրա, որոնք, ըստ Իսրայելի իշխանությունների, իրենք ունեն, եւ որոնք վկայում են այն մասին, որ նրանք վտանգավոր են։
Human Rights Watch-ը հատկապես մտահոգ է վարչական կալանավորման լայն կիրառումից... Ինչ վերաբերում է մյուսներին, որոնց մեղադրանքներ են ներկայացվել կամ որոնք դատապարտվել են հանցագործությունների համար, ապա կան լուրջ մտավախություններ՝ կապված ռազմական արդարադատության իսրայելական համակարգի հետ, որը Արեւմտյան ափին կիրառվում է պաղեստինցիների, բայց ոչ իսրայելցիների նկատմամբ»,- ասել է նա։