Իրանը հարվածել է Բահրեյնի ամերիկյան ռազմաբազային
Ի պատասխան ԱՄՆ-ի կողմից Իսլամական Հանրապետության տարածքին հասցված հարվածների՝ Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան «Շեյխ Իսա» ռազմաբազային։ Այս մասին ասված է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ, հայտնում է Իրանական պետական հեռուստառադիոընկերությունը:
Ըստ ԻՀՊԿ-ի հայտարարության՝ իրանական բանակի անօդաչու թռչող սարքերը հարվածել են Բահրեյնի «Շեյխ Իսա» բազայում տեղակայված ԱՄՆ զինուժի էլեկտրագեներատորներին, նավիգացիոն համակարգերին, ինչպես նաև վարչական և օժանդակ ենթակառուցվածքներին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել էր, որ հինգշաբթի գիշերը ամերիկյան ուժերը նոր հարվածների շարք են իրականացրել Իրանի ուղղությամբ՝ թիրախավորելով տասնյակ օբյեկտներ, այդ թվում՝ ռազմական հրամանատարական կենտրոններ, հրթիռային և անօդաչու համակարգերի օբյեկտներ, ափամերձ դիտարկման և պաշտպանական դիրքեր, ինչպես նաև ծովային ենթակառուցվածքներ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ Իրանի հետ հունիսի 18-ի գիշերը ձեռք բերված հրադադարը այլևս չի գործում։ Դրանից հետո ԱՄՆ զինված ուժերը մի քանի հարվածների շարք են իրականացրել Իրանի ուղղությամբ։
Տեսանյութը՝ այստեղ:



