շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Հարավաֆրիկյան օրենսդիրները քվեարկել են Իսրայելի հետ հարաբերությունները դադարեցնելու օգտին

Հարավաֆրիկյան օրենսդիրները քվեարկել են Իսրայելի հետ հարաբերությունները դադարեցնելու օգտին

Հարավաֆրիկյան օրեսնդիրները քվեարկել են Իսրայելի դեսպանությունը Պրետորիայում փակելու եւ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելու օգտին այնքան ժամանակ, մինչեւ որ ձեռք բերվի հրադադարի համաձայնություն Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ, տեղեկացրել է Reuters-ը։

Բանաձեւի իրականացումը կախված է նախագահ Սիրիլ Ռամաֆոսայից։ Նախագահի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռամաֆոսան «գնահատում» է խորհրդարանի որոշումը Հարավային Աֆրիկայի եւ Իսրայելի դիվանագիտական հարաբերությունների, հատկապես դեսպանության կարգավիճակի վերաբերյալ։

Ռամաֆոսան եւ ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչները քննադատել են Իսրայելի ղեկավարությանը՝ Միջազգային քրեական դատարանին կոչ անելով հետաքննել պոտենցիալ ռազմական հանցագործությունները։

Պրետորիայում Իսրայելի դեսպանը երկուշաբթի կանչվել է Թել Ավիվ խորհրդակցությունների համար։

Խորհրդարանական բանաձեւն առաջարկել է «Հանուն տնտեսական ազատության մարտիկներ» ընդդիմադիր կուսակցությունը։ Հարավային Աֆրիկան տասնամյակներ շարունակ աջակցել է Իսրայելի օկուպացրած տարածքներում պետականության ստեղծման պաղեստինյան գործին՝ պաղեստինցիների ծանր վիճակը համեմատելով սեւ մեծամասնության վիճակի հետ ապարտեիդի ժամանակ, չնայած Իսրայելը կտրականապես չի ընդունում այդ համեմատությունը։

  • Կիսվել: