Գազայում հրադադարի շուրջ բանակցություններում առաջընթաց չկա. ՀԱՄԱՍ
Գազայի հատվածում հրադադարի և Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման պատանդների ազատ արձակման շուրջ Քաթարում տեղի ունցած բանակցություններն անհաջող են անցել։ Այս մասին Sky News-ին տված հարցազրույցում ասել է Լիբանանում իսլամական ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Ահմեդ Աբդել Հադին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ, ըստ նրա, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի լավատեսական վերաբերմունքը Քաթարում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների վերաբերյալ չի համապատասխանում իրերի իրական վիճակին։
«Բայդենի վարչակազմը փորձում է ցույց տալ, որ իրավիճակը բարենպաստ է, սակայն առաջին փուլը ցույց տվեց, որ բարելավում չկա: Միջնորդները մեզ ասացին, որ վիճելի կետերը չեն լուծվել, և Նեթանյահուն առաջ է քաշել լրացուցիչ պայմաններ և էլ ավելի բարդացրել բանակցությունները», - ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ջո Բայդենն ասել էր, թե Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մոտ են Գազայի հատվածում հրադադարի հաստատման: