«Եթե ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա, Թեհրանը պատրաստ է Թրամփին «անմոռանալի դաս» տալ. Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆ
Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «անմոռանալի դաս» տալ, եթե Վաշինգտոնը հարձակվի Իսլամական Հանրապետության վրա, տեղեկացնում է իրանական IRIB պետական հեռուստառադիոընկերությունը։
Դիմելով Թրամփին՝ իրանցի պաշտոնյան, մասնավորապես, նշել է. «Լսել եմ, որ դու սպառնացել ես Իրանին։ Իրանի պաշտպանները քեզ անմոռանալի դաս կտան։ Արի և տես, թե ինչպես Մերձավոր Արևելքում ձեր (ԱՄՆ-ի՝ խմբ.) ողջ ներուժը կոչնչացվի»։
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ կաջակցի Իրանի ուղղությամբ նոր հարվածներին, եթե Թեհրանը փորձի շարունակել հրթիռային և միջուկային ծրագրերի մշակումը։
Ավելի ուշ՝ Իրանում բողոքի ցույցերի և անկարգությունների սկսվելուց հետո, Թրամփը սպառնացել էր ցուցարարների զոհվելու դեպքում հզոր հարված հասցնել Իրանին՝ ընդգծելով, որ օգնության կհասնի Իրանի ժողովրդին, եթե դրա անհրաժեշտությունը լինի:


