Չնայած սկզբում Հայաստանը դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», սակայն այժմ ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում տնտեսական ինտեգրացիային մասնակցելու հարցում․ Էրդողան
Չնայած սկզբում Հայաստանը դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», այժմ այն ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում տնտեսական ինտեգրացիային մասնակցելու հարցում։
Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կբացի ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար»,- ասել է Էրդողանը։
Էրդողանն ընդգծել է, որ տարածաշրջանի զարգացումը շանս է ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի, այլև Թուրքիայի, Իրանի և այլ երկրների համար:
«Զանգեզուրի միջանցքը», նրա խոսքով, կրում է ոչ միայն աշխարհաքաղաքական, այլև աշխարհատնտեսական նշանակություն։
««Զանգեզուրի միջանցքի» բացումը ռազմավարական քայլ կլինի Միջին միջանցքի համար։ Երբ միջանցքը բացվի, Թուրքիայից ապրանքները կկարողանան Կասպից ծովով ավելի արագ հասցնել Կենտրոնական Ասիա և Չինաստան, իսկ Եվրոպայից Չինաստան եկող բեռները կսկսեն անցնել Թուրքիայով:
Միջին միջանցքի բացումն ընդգրկում է բազմաթիվ երկրներ՝ հարավից մինչև մեզ և Ադրբեջան։ Բացի այդ, այն ինտեգրված է Չինաստանից եկող երթուղու հետ։ Սա հատուկ նշանակություն է տալիս նախագծին:
Այս գործընթացում մենք ձեռնարկում ենք բոլոր քայլերը։ Այստեղ ամենակարևոր տարրը Զանգեզուրի երթուղին է։ Այս երթուղին ներառում է նաև երկաթուղային համակարգ։ Այդ պատճառով «Զանգեզուրի միջանցքի» նշանակությունը բեռնափոխադրումներում մեծանում է և աճելու է»,-ասել է Էրդողանը։