շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
Զարեհ Սինանյանը Մադրիդում մասնակցում է Հայկական բժշկական համաշխարհային 14-րդ կոնգրեսին

Զարեհ Սինանյանը Մադրիդում մասնակցում է Հայկական բժշկական համաշխարհային 14-րդ կոնգրեսին

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը աշխատանքային այցով Իսպանիայում է։ Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

Հուլիսի 3-ին Մադրիդում մեկնարկել է Հայկական բժշկական համաշխարհային 14-րդ կոնգրեսը, որին մասնակցում է նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։

Զարեհ Սինանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և որպես մոդերատոր վարել է «Բժշկական կազմակերպությունները գլոբալ մասշտաբով» պանելային նիստը։

«Ավելի քան հիսուն տարվա պատմություն ունեցող այս հեղինակավոր հարթակը բացառիկ հնարավորություն է մասնագիտական երկխոսության, փորձի փոխանակման և համագործակցության համար՝ միավորելով Հայաստանի և Սփյուռքի առողջապահական ներուժը։ Մեծ պատիվ է գտնվել ձեր կողքին այս նշանակալի նախաձեռնության շրջանակում, որն արդեն իսկ համախմբել է աշխարհասփյուռ հայ բժիշկներին՝ ընդհանուր նպատակի շուրջ՝ ծառայել մեր ժողովրդին և նպաստել առողջապահության ոլորտի կայուն զարգացմանը»,- նշել է Զարեհ Սինանյանը։

Նիստի ընթացքում քննարկվել է, թե ինչպես են աշխարհում գործող հայկական բժշկական կազմակերպությունները համատեղում ջանքերը՝ Հայաստանի առողջապահական համակարգի զարգացմանը նպաստելու ուղղությամբ։ Շեշտվել է համագործակցության խթանման և այդ կազմակերպությունների կոլեկտիվ ազդեցության կարևորությունը՝ ոչ միայն Հայաստանի, այլև գլոբալ առողջապահական զարգացումների համատեքստում։

Պանելային նիստի երկրորդ մասում, որը կրում էր «Մարտահրավերներին արձագանքելը» խորագիրը, մասնակիցները քննարկել են, թե ինչպես են հայկական բժշկական կազմակերպություններն արձագանքում առողջապահական ոլորտում ծագող մարտահրավերներին՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։

Հայկական բժշկական համաշխարհային 14-րդ կոնգրեսը համախմբել է առողջապահության ոլորտի ավելի քան 600 մասնագետների աշխարհի տարբեր երկրներից։ Եռօրյա միջոցառմանը մասնակցում են պետական և մասնավոր բուժհաստատությունների ղեկավարներ, բժիշկներ, առողջապահության ոլորտի կազմակերպիչներ, բժշկական ուսանողներ, ինչպես նաև ոլորտում ներդրումային ծրագրերով հետաքրքրված մասնագետներ։

Կոնգրեսի նպատակն է խթանել մասնագիտական կապերի ամրապնդումը, աջակցել նորարարական նախագծերի իրագործմանը, ներդրումային հնարավորությունների ստեղծմանը և նպաստել Հայաստանի առողջապահական համակարգի շարունակական զարգացմանը։

Միջոցառման շրջանակում ներկայացվելու են շուրջ 100 գիտական զեկուցումներ, նորարարական գաղափարներ և ռազմավարական նախաձեռնություններ։ Այս տարի նախատեսվում է նաև չորս նորարարական նախագծի դրամաշնորհային ֆինանսավորում՝ Հայաստանում դրանց իրագործման նպատակով։

  • Կիսվել: