Գեղարքունիքի մարզում «Dodge Caliber»-ը բախվել է քարերին և հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել ճանապարհի մեջտեղում. կա 1 զոհ, 4 վիրավոր
Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:45-ի սահմաններում «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի՝ օպերատիվ են գործել Գավառի փրկարարները, Գավառի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը բժիշկները տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերել:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքւոնիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի և դասակի հրամանատարի տեղակալ Հայկ Բադալյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հովհաննես Երանոսյնանն ու Արթուր Հակոբյանը:
Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիրտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք: