շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Բաքուն «անհիմն» է որակել Արարատ Միրզոյանի՝ Փարիզում արված հայտարարությունները

Բաքուն «անհիմն» է որակել Արարատ Միրզոյանի՝ Փարիզում արված հայտարարությունները

Արդբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանում ունեցած ելույթին՝ «անհիմն» որակելով Ադրբեջանի հասցեին հնչած մեղադրանքները։

«Մենք կտրականապես մերժում ենք 2023 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ Ադրբեջանի հասցեին հնչեցված «անհիմն և ստերով լի» (չակերտները՝ խմբ․) մեղադրանքները», - նշել է ԱԳՆ խոսնակը։

Հաջիզադեն շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերն «ինքնակամ են տեղափոխվել Հայաստան» (չակերտները՝ խմբ․), մինչդեռ հայկական կողմը «կեղծավորաբար շարունակում է մեղադրել Ադրբեջանին էթնիկ զտումների համար, այդ կերպ չարաշահելով միջազգային տարբեր հարթակները» (չակերտները՝ խմբ․)։

Նրա խոսքով՝ «Հայաստանի կողմից նման «անհիմն պնդումները» (չակերտները՝ խմբ․) ուղղակիորեն հակասում են տարածաշրջան այցելած և այս երկրում ակտիվ գործունեություն ծավալող ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցների ներկայացուցիչների զեկույցներին ու հայտարարություններին»։

Անդրադառնալով ԼՂ-ում հայկական մշակութային ու պատմական հուշարձաններին սպառնացող վտանգի մասին ՀՀ ԱԳ նախարարի ահազանգերին՝ Հաջիզադեն ընդգծել է, որ Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում գտնվող պատմական և կրոնական հուշարձաններն իրենց «ազգային մշակութային ժառանգությունն են և պաշտպանված են՝ անկախ իրենց ծագումից, աշխարհիկ կամ կրոնական պատկանելությունից» (չակերտները՝ խմբ․)։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փաստահավաք առաքելության գործուղելու Արարատ Միրզոյանի հորդորին՝ Հաջիզադեն Հայաստանին կրկին մեղադրել է ընդդեմ Ադրբեջանի «կեղծ ու զրպարտչական հռետորաբանության» (չակերտները՝ խմբ․) համար՝ նշելով, որ այդ կերպ Հայաստանը «խաթարում է խաղաղության համաձայնագրի հեռանկարները» (չակերտները՝ խմբ․)։

«Հուսով ենք, որ հայկական կողմը բաց չի թողնի տարածաշրջանում խաղաղության հաստատման այս պատմական հնարավորությունը և չի խոչընդոտի տարածաշրջանային կայունության և տնտեսական կայունության ապահովմանն ուղղված ջանքերին, որից կշահի նաև իրեբժնց երկիրը»,- եզրափակել է ԱԳՆ խոսնակը։

  • Կիսվել: