Բախումներից հետո Բեյրութի կենտրոնը բանակի վերահսկողության տակ է վերցվել (տեսանյութ)
Բեյրութի կենտրոնական հրապարակում և խորհրդարանի հարակից փողոցներում անկարգություններ հրահրած ցուցարարներին ցրելու համար քաղաքի կենտրոն են եկել բանակային ստորաբաժանումներ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշվում է, որ ցույցը արագ վերաճել է անկարգության, և ակցիայի մասնակիցները սկսել են քարեր և այլ առարկաներ նետել իրավապահների ուղղությամբ՝ փորձելով անցնել խորհրդարանի առջև դրված արգելապատնեշների վրայով:
Նրանց գործողություններին ի պատասխան՝ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Բանակային ուժերի ժամանելուց հետո բախումները տեղափոխվել են Բեյրութի գլխավոր հրապարակ, որտեղ ցուցարարները հրդեհել են «Ան-Նահար» թերթի խմբագրության առաջին հարկը:
Հաղորդվում է, որ այս պահին, սակայն, բախումները դադարել են, և կենտրոնական բոլոր փողոցներն ու հրապարակները հսկվում են բանակայինների կողմից:
Նշենք, որ ցույցի մասնակիցները հակակառավարական կարգախոսներ են հնչեցնում և իշխանություններից պահանջում բարեփոխումներ:
Նշենք նաև, որ Բեյրութում տեղի է ունենում Ֆրանսայի նախագահ Էմանուել Մակրոնի մեկօրյա պաշտոնական այցը: