Բելառուսի առաջին հայկական եկեղեցին օծվեց Գարեգին 2-րդի հանդիսապետությամբ
Մինսկի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ նորակառույց հայկական եկեղեցին այսօր օծվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդի հանդիսապետությամբ։
Նշենք, որ հատուկ այս առիթով առաջին անգամ Բելառուս է այցելել Գարեգին Բ–ն։ Մոսկվայից Մինսկ են ժամանել նաեւ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանի գլխավորած պատվիրակությունը, եկեղեցու թեմական խորհրդի ատենապետ, ակադեմիկոս, բժիշկ Արմայիս Քամալովը, ազգային բարերարներ և ուխտավորներ Ռուսաստանի տարբեր քաղաքներից։ Արարողությանը մասնակցում են նաև պետական, կրոնական, հասարակական, մշակութային գործիչներ, հայ համայնքի անդամներ։
Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը հայկական եկեղեցի կատարած այցի ընթացքում նշել էր, որ եկեղեցու կառուցումն այն ծրագրերից է, որոնք արտացոլում են բելառուս և հայ ժողովուրդների իրական կապերը։
Հիշեցնենք, որ Եզրաս սրբազանի ձեռամբ եկեղեցու հիմնօրհեքի արարողությունը կատարվել է 2022 թվականի սեպտեմբերին։