Անկարգություններ Իրանում. ցուցարարները հրկիզել են կրոնական գրախանութը, զոհվել է երկու ոստիկան, կան վիրավորներ
Իրանի Բոջնուրդ քաղաքում ցուցարարները ներխուժել են Ղուրանի վաճառքի խանութ և այրել կրոնական գրքերը, տեղեկացնում է Mehr-ը։
Նշվում է, որ նրանք հրկիզել են նաև հենց խանութի շենքը։
Իրանական մեկ այլ լրատվական գործակալություն էլ՝ Fars-ը,հայտնում է, որ Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Լորդեգան քաղաքում այսօր տեղական ժամանակով ժամը 10-ի սահմաններում մի խումբ առևտրականներ և խանութպաններ փակել են իրենց կետերը և սկսել հավաքվել փողոցներում՝ հանրահավաքներ անցկացնելով և կարգախոսներ հնչեցնելով։ Ըստ գնահատականների՝ երթին մասնակցել է շուրջ 300 մարդ։
«Երբ ցուցարարները հավաքվեցին Խարդուն շրջանի և Շիրոնի կամրջի մոտ, իրավիճակը լարվեց և հանգեցրեց ոստիկանության հետ բախումների, ինչպես նաև որոշ մարդկանց տեղաշարժի ու սադրանքների, ովքեր ներթափանցել էին ցուցարարների շարքերը։ Այս բախման ժամանակ անկարգությունների մասնակիցներից ոմանք սկսեցին քարեր նետել ոստիկանների ուղղությամբ։ Անկարգությունների մասնակիցների մեջ կային մարդիկ, ովքեր զինված էին տարբեր տեսակի ռազմական և որսորդական զենքերով և նրանք հանկարծակի սկսեցին կրակել ոստիկանների վրա», - ասվում է իրանական լրատվամիջոցի հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է նաև, որ երկու ոստիկան զոհվել է, ևս 30 մարդ ստացել է վնասվածքներ, ինչպես նաև բախումների ընթացքում անկարգությունների մասնակիցները վնասել են նահանգապետի գրասենյակը և մի քանի այլ վարչական շենքեր։


