Պակիստանն ակնկալում է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի մեկ օրվա ընթացքում
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել է, որ, իր ունեցած տեղեկություններով, ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի շրջանակային փաստաթուղթը։ Այս համաձայնագիրը պետք է վերջ դնի Մերձավոր Արևելքում արդեն ամիսներ շարունակվող հակամարտությանը, հաղորդում է Reuters-ը։
Ըստ Շարիֆի՝ փաստաթղթի վերջնական տեքստն արդեն պատրաստ է, և սպասվում է, որ կողմերն այն էլեկտրոնային եղանակով կվավերացնեն առաջիկա 24 ժամում։ Ըստ նույն աղբյուրի՝ հաջորդ շաբաթ կմեկնարկեն տեխնիկական բանակցությունները, որոնց նպատակն է հստակեցնել պայմանագրի դրույթների իրագործման մեխանիզմները։
Հայտարարության պահին Վաշինգտոնն ու Թեհրանը որևէ պաշտոնական հաստատում դեռ չեն տվել։
Ավելի վաղ ամերիկացի և իրանցի պաշտոնյաները հայտարարել էին, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա մի քանի օրվա ընթացքում:
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նշել է՝ վերջնական համաձայնեցումից հետո հուշագիրը թվային կերպով կստորագրվի համապատասխան երկրներում: Կողմերը կպարտավորվեն միմյանց նկատմամբ պատերազմ չսկսել, և կմեկնարկեն բանակցությունների երկրորդ փուլը: 60 օրվա ընթացքում պետք է ձեռք բերվի վերջնական համաձայնագիր, որը հիմնականում կկենտրոնանա Իրանի միջուկային ծրագրի և երկրի դեմ պատժամիջոցների վերացման վրա:


