կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
ԱՄԷ-ն կտրականապես հերքել է Իրանին 3 միլիարդ դոլար փոխանցելու մասին տեղեկությունը․ Al Arabiya

ԱՄԷ-ն կտրականապես հերքել է Իրանին 3 միլիարդ դոլար փոխանցելու մասին տեղեկությունը․ Al Arabiya

Արաբական Միացյալ Էմիրությունները կտրականապես հերքել են այն լուրերը, թե Պարսից ծոցի երկրների դեմ հարձակումները դադարեցնելու գործարքի շրջանակում գումար են փոխանցել Իրանին: Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։

Ուրբաթ օրը լուրեր էին տարածվել, թե ԱՄԷ-ն իբր առնվազն 3 միլիարդ դոլար է փոխանցել Իրանին։

ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «այս մեղադրանքները լիովին կեղծ են ու անհիմն»։ Գերատեսչությունն ընդգծել է, որ Իրանի որևէ սառեցված միջոց ԱՄԷ-ի տարածքով չի ապասառեցվել, չի փոխանցվել և ոչ էլ որևէ կերպ փոխանցում է հեշտացվել։

Նախարարությունը նաև կոչ է արել լրատվամիջոցներին լինել առավել ճշգրիտ, հիմնվել պաշտոնական աղբյուրների վրա և խուսափել «չստուգված տեղեկություններ ու անհիմն պնդումներ» հրապարակելուց կամ տարածելուց։

Reuters գործակալությունը, հղում անելով տարածաշրջանային իր աղբյուրներին, հայտնել էր, թե ԱՄԷ-ն համաձայնել է Իրանին ընդհանուր առմամբ 10 միլիարդ դոլար հատկացնել։

Ըստ նույն աղբյուրի՝ երկու այլ պաշտոնյաներ կայքին հայտնել են, որ խոսքը գնում է ընդհանուր առմամբ մոտ 20 միլիարդ դոլարի մասին։ Գործարքի մանրամասներին ծանոթ աղբյուրներից մեկն էլ նշել էր, որ գումարը վճարվելու է այն պայմանով, որ Իրանը կդադարեցնի հրթիռներով ու անօդաչու թռչող սարքերով հարվածել ԱՄԷ-ին։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում նաև այն մասին, թե Էմիրությունների պաշտոնյաները մեկնել են Իրան այն բանից հետո, երբ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչներն այցելել էին ԱՄԷ՝ հնարավոր համաձայնությունները քննարկելու նպատակով։

  • Կիսվել: