երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ալիեւը տագնապած է

Ալիեւը տագնապած է

Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի պաշտոնական կայքում հրապարակվել է պրոֆեսոր Սոլմազ Թոհիդիի հոդվածը, որը մտավորականությանը հղված կոչ է՝ պաշտպանելու ԳԱ նախագահ, Իլհամ Ալիեւի աշխատամազմի երկարամյա ղեկավար Ռամիզ Մեհթիեւի հեղինակությունը եւ պատիվը:

Մեհթիեւը հրապարակային քննադատության ենթարկվեց համավարակով պայմանավորված սահմանափակումներն անտեսելու եւ թոռան հարսանիքը կազմակերպելու համար: Բայց դա միայն պատրվակ էր: Իշխանական վերնախավում տեղի են ունենում վերադասավորումներ, Մեհթիեւի թիմը հեռացվում է:

Նախկին բարձրաստիճան պաշտոնյան, բնականաբար, պաշտպանվում է: Նա մի քանի հայտարարություն է արել երկրի արտաքին քաղաքական ուղեգծի փոփոխության վտանգի մասին եւ պնդել, որ Ռուսաստանի դեմ որեւէ քայլ վտանգավոր է Ադրբեջանի պետականության համար: Ըստ երեւույթին, նրա դեմ խմբավորվել են թուրքական կողմնորոշման ներկայացուցիչները:

Պրոֆեսոր Թոհիդիի կոչն ալիեւյան քարոզչությունը համարում է «ներքին կայունությունը խաթարելուն ուղղված քայլ» եւ համարում, որ իրական հեղինակը Ռամիզ Մեհթիեւն է, որ իշխանություններին զգուշացնում է ԳԱ տասը հազար աշխատակցի համախմբան հեռանկարով:

Հոդվածում Թոհիդին խորհրդանշական դեպք է հիշել, երբ Հեյդար Ալիեւը Մութալիոբվի կառավարության պետական քարտուղար Միդաթ Աբասովին ասել է «դու իմ մարդն էիր, ինչպե՞ս հայտնվեցիր այնտեղ» եւ ակադեմիկոսը պատասխանել է. «Ես ձեր մարդը չեմ, դուք պետության ղեկավար եք, ես՝ գիտնական, գիտական ինստիտուտի տնօրեն»:

Իշխանությունը հասկացել է այնպես, որ Ռամիզ Մեհթիեւը գիտական մտավորականությանը սեփական արժանապատվությունը գիտակցելու կոչ է անում: Դա կարող է արձագանք ունենալ, ուստի ալիեւյան քարոզչությունն անցել է կոշտ հակադարձման եւ Մեհթիեւին քննադատում է երկրի համար ճակատագրական պահին ներքին անկայունություն հրահրելու մեջ:

Ավելի վաղ Մեհթիեւը սպառնացել էր դիմել դատարան եւ բացահատել փաստեր, որոնք հրապարակայնացնելու դեպքում տարբեր խմբավորումները «կսկսեն միմյանց հոշոտել»: Ալիեւը տագնապած է: Բացառված չէ, որ Մեհթիեւը վայելում է արտաքին աջակցություն: Ադրբեջանի թուրքական ընտրությունն, իրոք, կարող է շատ թանկ արժենալ:

  • Կիսվել: