երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Փարիզի Օռլի օդանավակայանում չվերթների 40%-ը չեղարկվել է կառավարման համակարգերի խափանման պատճառով

Փարիզի Օռլի օդանավակայանում չվերթների 40%-ը չեղարկվել է կառավարման համակարգերի խափանման պատճառով

Փարիզի Օռլի օդանավակայանում՝ Ֆրանսիայի մեծությամբ երկրորդ քաղաքացիական օդանավակայանում, օդային երթևեկության կառավարման համակարգերում խափանում է տեղի ունեցել, ինչը լուրջ խնդիրներ է առաջացրել աշխատանքում, հայտնում է RFI-ն։

Ֆրանսիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինությունը (DGAC) ավիաընկերություններից պահանջել է օրվա մնացած մասի համար «40%-ով կրճատել իրենց թռիչքային ծրագիրը»։ DGAC-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ «լիովին մոբիլիզացված են հնարավորինս արագ բնականոն աշխատանքային ռեժիմը վերականգնելու համար»։

X սոցիալական ցանցի իր էջում Փարիզի օդանավակայանների վարչությունը նաև նախազգուշացրել է, որ «սպասվում են թռիչքների ուշացումներ և չեղարկումներ»։ «Դիմե՛ք ձեր ավիաընկերությանը լրացուցիչ տեղեկությունների համար», - ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես հաղորդում է AFP-ն, օդանավակայանում ուղևորների շրջանում թեթև խուճապ է տիրում։ «Մեզ ոչինչ չեն բացատրել թռիչքի չեղարկման վերաբերյալ, բացի այն, որ ռադարի հետ ինչ-որ խնդիր կա, - գործակալությանը պատմել է մի կին, - Ուղևորները շփոթված են, ոչ ոք ոչինչ չի հասկանում»։ Որոշ ավիաընկերություններ արդեն փոխհատուցում են առաջարկել չեղարկված չվերթների համար։

DGAC-ն առայժմ չի հայտնել, արդյոք խափանումները կշարունակվեն երկուշաբթի օրը։

2024 թվականին Փարիզ-Օռլի օդանավակայանը սպասարկել է ավելի քան 33 միլիոն ուղևորի, ինչը կազմում է Փարիզ-Շառլ դը Գոլ օդանավակայանի ուղևորահոսքի կեսը, համաձայն Aéroport de Paris (ADP) ընկերության հրապարակած տվյալների։

  • Կիսվել: