Իսրայելը Հորդանանի հետ սահմանի երկայնքով անվտանգության արգելապատնեշ կկառուցի
Իսրայելի անվտանգության կաբինետը հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Իսրայել Կացի՝ Հորդանանի հետ արևելյան սահմանի երկայնքով բարձր տեխնոլոգիական անվտանգության արգելապատնեշ կառուցելու, ինչպես նաև Հորդանան գետի հովտում իսրայելական ներկայությունն ամրապնդելու լայնածավալ նախաձեռնությանն իր հավանությունը տալու մասին, հայտնում է Times of Israel-ը։
Նախագիծը, որը նախատեսվում է սկսել հունիսին, կներառի 425 կիլոմետր երկարությամբ բազմաշերտ պաշտպանական համակարգ՝ Իսրայելի հյուսիսում գտնվող Համաթ Գադերից մինչև Էյլաթից հյուսիս գտնվող Սամարի ավազուտները։
Ակնկալվում է, որ 5,2 միլիարդ շեքել (1,4 միլիարդ դոլար) արժողությամբ նախաձեռնության իրականացումը կտևի երեք տարի և կհամատեղի ֆիզիկական արգելապատնեշը, առաջադեմ տվիչները, շարժական զորամիավորումները և հրամանատարական ենթակառուցվածքը։
Ծրագիրը նաև նախատեսում է այս տարածքում իսրայելական ներկայության ուժեղացում՝ «առաքելության ազգային կենտրոններ» ստեղծելու միջոցով, որոնք կներառեն նախապատրաստական ռազմական ակադեմիաներ և ազգային ծառայության կառույցներ։ Այս քայլը, ըստ պաշտոնյաների, «կզսպի Իրանի՝ Իսրայել զենքի մաքսանենգ ներկրման և Հորդանանի միջոցով նոր ահաբեկչական ճակատ ստեղծելու փորձերը»։
«Իսրայելա-հորդանանյան սահմանի երկայնքով անվտանգության պատնեշի կառուցումը կարևոր ռազմավարական քայլ է ընդդեմ Իրանի՝ արևելյան սահմանը ահաբեկչության ևս մեկ ճակատ դարձնելու փորձերի։ Սա ռազմավարական քայլ է, որը կամրապնդի ազգային անվտանգությունը, կամրապնդի մեր իշխանությունը Հորդանան գետի հովտում, երկար տարիներ կապահովի Իսրայելի ինքնիշխանությունը և հարված կհասցնի Իրանի՝ արևելյան սահմանը ահաբեկչական ճակատ դարձնելու ջանքերին», - հայտարարել է Կացը։
Աշխատանքները կսկսվեն երկու գերակա հատվածներում, որոնց ընդհանուր երկարությունը 80 կիլոմետր է, մինչդեռ արգելապատնեշի մնացած մասի նախագծումը շարունակվում է։