Ադրբեջանում պայքար է սկսվել Ռուսաստանի հովանավորությունը վայելող գործիչների դեմ
Musavat.com-ը սադրիչ հրապարակում է արել, որ «Ադրբեջանը պատերազմի վերջին նախապատրաստություններն է տեսնում»:
Բաքվում կան քաղաքական խմբեր, որ իշխանափոխության միակ հնարավորություն պատերազմում Իլհամ Ալիեւի խոշոր ձախողումն են տեսնում եւ, բնականաբար, ռազմաշունչ քարոզչություն են տանում: Դա արդեն նույնիսկ հետաքրքիր չէ թեկուզեւ այն իմաստով, որ իրականում պատերազմի պատրաստվող երկիրը երբեք այդ մասին տեղեկատվական անոնս չի անում: Առավել ուշագրավ են նյութի մեկնաբանությունները, հատկապես՝ դրանցից մեկը, որ բառացիորեն հետեւյալն է ասում. «Նախ պետք է հեռացնել Գլխավոր շտաբի պետ Նաջեդին Սադիկովին: Եթե պատերազմ լինի, չի իմացվի, թե ինչեր կանի այդ խարդախը»:
Սադիկովը էթնիկ լեզգի է, ԳՇ պետի պաշտոնն զբաղեցնում է 1993թվականից: Պրոֆեսիոնալ զինվորական է: Ավարտել է Բաքվի համազորային ռազմական ուսումնարանը, ապա՝ Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան: Խորհրդային զինված ուժերում ծառայել է որպես դասակի, վաշտի, ապա՝ գումարտակի հրամանատար: Ադրբեջանի զինված ուժերում ծառայությունն սկսել է 1992թ.՝ Դերբենտից տեղափոխվելով Բաքու: Ադրբեջանի ռազմական վերնախավում Սադիկովն ունի ռուսական կողմնորոշման զինվորականի համարում: Նրա հասցեին սոցիալական ցանցի օգտատիրոջ վերոհիշյալ գրառումը միայն մի բան է վկայում՝ վերջին անհաջողությունների պատասխանատվությունը փորձում են բարդել Սադիկովի վրա:
Բացառված չէ, որ Սադիկովին հեռացնելու պահանջ ներկայացրած լինի Թուրքիան: Ստեղծված նոր իրավիճակում Անկարան կցանկանար Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում ունենալ գեներալի, որ ռազմական կրթություն է ստացել Թուրքիայում: Ներկայումս Ադրբեջանում քարոզչական պատերազմ է հայտարարվել «հինգերորդ զորասյանը»: Այդ անվան տակ նկատի են առնվում Ռուսաստանի հովանավորությունը վայելող գործիչները: Կասկածից գրեթե դուրս է, որ Սադիկովը նույնպես դիտվում է որպես այդ «խորքային կառավարության» անդամ: