շաբաթ, սեպտեմբեր 5
5 / 9 / 2026
Վահե Հովհաննիսյանը ԿԶԵՀ-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է Հյուսիս-հարավի 4-րդ տրանշի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերին առնչվող հարցեր

Վահե Հովհաննիսյանը ԿԶԵՀ-ի գործադիր տնօրենի հետ քննարկել է Հյուսիս-հարավի 4-րդ տրանշի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերին առնչվող հարցեր

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) գործադիր տնօրեն Յարոսլավ Մանդրոնի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԿԶԵՀ-ի միջև ընթացիկ ծրագրերը և հետագա համագործակցության զարգացման հնարավորությունները։ Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
 
«Նախարարը բարձր է գնահատել ԿԶԵՀ-ի՝ որպես Հայաստանի Հանրապետության հուսալի ֆինանսական գործընկերոջ դերը՝ ընդգծելով, որ շուրջ մեկ տասնամյակ Հիմնադրամի աջակցությամբ Հայաստանում իրականացվել են ռազմավարական նշանակության ծրագրեր։
 
Նշվել է, որ ԿԶԵՀ-ի ընթացիկ պորտֆելը Հայաստանում կազմում է շուրջ 700 մլն ԱՄՆ դոլար՝ ընդգրկելով մակրոտնտեսական կայունության, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, սոցիալական և առողջապահական ոլորտները։
 
Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի 4-րդ տրանշի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերին, ինչպես նաև այլ ոլորտներում իրականացվող ծրագրերին։
 
Կողմերն անդրադարձել են ԿԶԵՀ-ի 2027–2031 թվականների ռազմավարության և Հայաստանի համար երկրի ռազմավարության մշակմանը՝ կարևորելով Հայաստանի առաջնահերթությունների պատշաճ արտացոլումը Հիմնադրամի առաջիկա ծրագրային օրակարգում։
 
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության խորացման պատրաստակամությունը և պայմանավորվել շարունակել ակտիվ երկխոսությունը՝ առկա գործընթացների և նոր համատեղ ծրագրերի ձևավորման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: