Թունաքիմիկատների և պարարտանյութերի ներկրման հետ կապված խնդիրները դեռևս առկա են․ սա շատ զգայուն ուղղություն է․Հարությունյան
Թունաքիմիկատների և պարարտանյութերի ներկրման հետ կապված խնդիրները դեռևս առկա են։ Այսօր Ազգային ժողովի պետաիրավական, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ հայտնեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Դեռեւս մարտին սննդի եւ պարենային անվտանգության տեսչական մարմինը հայտարարել էր այն մասին, որ նշված ապրանքների ներկրումը Հայաստան չի թույլատրվում։ Դրանք ներառված չեն եղել Հայաստանում կիրառության համար թույլատրված ագրոքիմիկատների եւ պեստիցիդների ցուցակում։ Դա առաջացրել է թունաքիմիկատներ եւ պարարտանյութեր ներմուծող կազմակերպությունների ներկայացուցիչների դժգոհությունը։
«Լուրջ խնդիրներ կան տարբեր ուղղություններում, այդ թվում ներմուծման գծով։ Դուք գիտեք, որ որոշ երկրներ սահմանափակումներ են մտցնում, եւ խնդիրները ծագել են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներով»,- ասել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ իրավիճակը կարող է փոխվել միայն մեկ-մեկուկես տարի հետո։


