կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Տեղումները նորմայից բարձր էին, անձրևընդունիչ համակարգը չէր կարող այդքան ծավալն ընդունել. Արեյանը՝ երևանյան հեղեղումների մասին

Տեղումները նորմայից բարձր էին, անձրևընդունիչ համակարգը չէր կարող այդքան ծավալն ընդունել. Արեյանը՝ երևանյան հեղեղումների մասին

2023-ին Երևանի քաղաքապետարանի բյուջեի շրջանակում նախատեսված 1 մլրդ 102 մլն 297 հազար դրամից 991 մլն 234 հազար դրամը տրամադրվել է ջրահեռացման, կոմունիկացիոն ցանցերի կառուցմանը՝ 283 մլն 506 հազարով ավելի, քան 2022 թվականին էր: Այսինքն՝ 89,9 տոկոս կատարողականով 2023-ին իրականացվել են հեղեղատար համակարգերի կառուցման աշխատանքներ: Սակայն վերջին շրջանի անձրևները կաթվածահար արեցին քաղաքը, քանի որ միլիոններ արժեցող ջրահեռացման համակարգը պատրաստ չէր կատարել իր գործը, որի հետևանքով բազմաթիվ քաղաքացիների գույք վնասվեց, մասնավորապես՝ մեքենաներ, որոնք հայտնվեցին ջրի տակ: Այդ մասին Երևանի ավագանու՝ հունիսի 25-ի նիստին ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանը՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու է թերակատարվել ջրահեռացման համակարգի կատարողականը, ինչու չի գործել այդքան թանկ արժեցող համակարգը:

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն արձագանքեց՝ տողը եղել է «ջրահեռացում», բայց ծախսվել է կոյուղատար համակարգի վրա, այսինքն՝ ոչ թե հեղեղատար համակարգի վրա է դրվել գումարը, այլ կոյուղատար ցանցի վերակառուցման, թարմացման և նորի կառուցման:

«Այո՛, Երևան քաղաքի մակերևութային ջրերի հեղեղատար և անձրևընդունիչ համակարգը կատարյալ չէ: Այսօր գործող 167 կիլոմետրն է: Հանձնված է «Վեոլիա ջուր» ընկերությանը՝ վարձակալության պայմանագրով շահագործման»,- ասաց Արեյանը և նշեց, որ Տիգրան Ավինյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում կատարվել է ուսումնասիրություն, ավարտվել է գույքագրումը, և արդյունքը պետք է ներկայացվի Կառավարությանն ու դոնոր աղբյուրներին, որպեսզի կառուցվի նոր հեղեղատար համակարգ:

Գույքագրման արդյունքում պարզվել է, որ կան թաղամասեր, որոնք չունեն հեղեղատար համակարգ, ի սկզբանե կառուցված չի եղել: Կան նաև վերակառուցման ենթակա համակարգեր, քանի որ նոր կառուցապատումները հեղեղատար համակարգերի ծավալների ընդլայնման անհրաժեշտություն են առաջացրել:

«Ինչքան քաղաքը բարեկարգվում և կառուցապատվում է, այնքան մեծանում է մակերևութային ջրերի ծավալը, որովհետև գրունտը քաշում է հողն իր մեջ: Նոր կառուցապատումները, ասֆալտապատումը, սալիկապատումը բերում են մակերևութային ջրերի ծավալի ավելացում, ինչն էլ հանգեցնելու է նոր հեղեղատար համակարգի կառուցման անհրաժեշտության: Օրինակ՝ 4 խաչմերուկ է հիմա քանդվում Տերյան փողոցի երկարությամբ՝ Ագրարային համալսարանի մոտից մինչև Թումանյան փողոց, վերևի բնակելի համալիրի մակերևութային ջրերը անձրևընդունիչ ցանց ընդունելու համար»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է վերջին հեղեղումներին, Արեյանը նշեց՝ տեղումները նորմայից բարձր էին, անձրևընդունիչ համակարգը չէր կարող այդքան ծավալն ընդուներ:

«Մենք ունենք շատ փոքր ծավալի անջատ հեղեղատար համակարգ, մեր համակարգը կիսանջատ է, այսինքն՝ այն միացված է նաև կոյուղատար համակարգին, և մեծ ծավալի անձրևների դեպքում բերում է ծանրաբեռնվածության և կարող է հանգեցնել մակերևութային ջրերի ծավալի աճի փողոցներում: Այնպես որ, այս համակարգը լուրջ ներդրման և վերակառուցման կարիք ունի»,- ասաց Արեյանը:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելեց, որ տվյալ ոլորտում տարիներ շարունակ քաղաքապետարանը խոշոր ծրագրեր չի իրականացրել, աշխատանքը սկսվել է 2022-23 թթ.-ից, և սկսել են այն թաղամասերից, որտեղ առհասարակ համակարգ չկա. օրինակը Մուշավան թաղամասն է:

«Կառավարության գործընկերների հետ քննարկել ենք առհասարակ պայմանագրային պայմանների վերանայումը «Վեոլիա ջուր» ընկերության հետ, որը հնարավորություն կտա այդ ընկերությանը վարձավճարների փոխարեն, որը տալիս է Կառավարությունն ամբողջ ենթակառուցվածքների օգտագործման համար, այդ գումարներն ուղղել ներդրումներին, և սա էականորեն կմեղմի այն խնդիրները, որոնց մասին խոսում ենք, եթե, իհարկե, ֆորսմաժորի մասին չէ խոսքը, որովհետև այդ նույն ֆորսմաժորն ամենազարգացած ենթակառուցվածքով ԱՄԷ-ում էր տեղի ունեցել, և իրենք էլ դրա դեմ պայքարելու մեթոդ չունեն: Աշխարհում դեռևս նմանատիպ ոչ մի ֆորսմաժորի դեպքում պայքարի մեթոդը չի գտնվել»,- ասաց քաղաքապետը:

  • Կիսվել: