Շիրակի մարզում խստացվում է հսկողությունը հնարավոր անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ
Շիրակի մարզում հնարավոր անտառային հրդեհների կանխարգելման և դրանց դեպքում արագ արձագանքումն ապահովելու նպատակով պատասխանատու գերատեսչությունները միավորում են ջանքերը։ Համապատասխան ծառայությունների համակարգված համագործակցության և բնակչության զգոնության բարձրացման հարցերը քննարկվել են ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի գլխավորությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում։
Քննարկմանը մասնակցել են մարզպետի աշխատակազմի, ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գյումրու անտառտնտեսություն» մասնաճյուղի, ինչպես նաև Էկոպարեկային ծառայության Շիրակի և Արագածոտնի մարզային վարչության ներկայացուցիչները։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզում հնարավոր անտառային հրդեհավտանգ իրավիճակների մշտադիտարկման, հրդեհների կանխարգելման, դրանց դեմ պայքարի և հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումները։
Մասնակիցներն առանձնակի կարևորել են բնակչության զգոնությունն ու հրդեհային անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ պատասխանատու վարքագիծը կարող է էապես նվազեցնել հրդեհների առաջացման վտանգը։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել միջգերատեսչական համագործակցությունը, ապահովել օպերատիվ տեղեկատվության փոխանակումը և համատեղ ուժերով վերահսկել ու կանխարգելել հնարավոր հրդեհների առաջացումն ու տարածումը։


