շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Պահանջում ենք՝ Արայիկ Հարությունյանը իջնի, թղթի վրա ժամկետ ասի. Վարդաշենցիների ակցիան արդեն կառավարության դիմաց

Պահանջում ենք՝ Արայիկ Հարությունյանը իջնի, թղթի վրա ժամկետ ասի. Վարդաշենցիների ակցիան արդեն կառավարության դիմաց

Վարդաշենի հանրակացարանի 68ա և 66/1 շենքերի բնակիչները Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայից ու  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանի հետ հանդիպումից հետո երթով շարժվեցին կառավարության շենք եւ ակցիան շարունակեցին կառավարության դիմաց։

Քաղաքապետարանում պատասխանեցին՝ համբերեք, սպասեք, զբաղվում ենք, ամեն ինչ անում ենք: Ասացինք՝ մեզ հստակ պատասխան տվեք, հստակ օր, ամիս ու ժամ։ Ասաց՝ հստակ չեմ ասում, բայց երկու ամիս սպասեք: Ինքն ասում է՝ պետք է սպասենք, բազմաթիվ գրավոր հարցուպատասխանի մեջ են, ասում են՝ պետք է համբերենք: Ասացինք՝ չենք համբերում, գնում ենք կառավարություն։ Մեզ համար հիմք կլինի այն, որ տարհանման գործընթացը սկսի»,- հանդիպումից հետո նշեցին հանդիպմանը ներկա վարդաշենցիները:

«Տեսնենք՝ կառավարությունն ինչ է ասելու: Մարդու տնից կոյուղաջուրը գնում է: Ոչ մի երկու ամիս, գնում ենք կառավարություն»,- ասացին ակցիայի մասնակիցները։

Արդեն կառավարության դիմաց ակցիայի մասնակիցներից մեկը լրագրողներին ասաց. «Մենք հիմա պահանջում ենք  աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին թող իջնի, քանի որ քաղաքապետարանից մեզ փոխանցեցին, որ նամակ են ուղղել աշխատակազմի ղեկավարին։ Քաղաքապետարանից  մեզ ասում են՝ համբերեք, սպասեք, գումարի չափը մեծ է։ Մենք ուզում ենք իրավական հիմք ունենանք։ Իրենք թող գրավոր մեզ թղթի վրա ներկայացնեն, թե իրենք ինչ ժամկետներ են մեզ ասում: Գրավոր հիմք ունենա, որ հաջորդ անգամ չասեն՝ նման բան չի եղել:

Նշենք, որ ակցիային մասնակցում են նաեւ Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամներ:

Մասնավորապես, «ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Հայկ Գրիգորյանը լրագրողներից ասաց. «Պարոն Ավինյանը նախընտրական խոստում է տվել Վարդաշենի բնակիչներին, որ 1,5 տարվա ընթացքում իրենց տեղափոխելու են այդ շենքից: Այդ ժամկետը փետրվարին լրացել է, հիմա այս մարդիկ իրենց խոստման հետեւից են գնում:

 

Բյուջեում անհրաժեշտից հազար անգամ ավել գումար կա, հարցն այն է, որ պետք է բյուջեն ճիշտ բաշխվի, այլ տեղերի ծախսերից պետք է հատկացվի: Ոչ ոք չի ասում, որ պետք է գոնե ամեն եռամսյակի բյուջեի մեջ նախատեսեն գոնե 5 բնակարանի բնակչի հարց լուծվի»:

  • Կիսվել: