շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Ներկայացվել են գերատեսչությունների` 2024 թ. կատարողականները

Ներկայացվել են գերատեսչությունների` 2024 թ. կատարողականները

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` մարտի 19-ի նիստի օրակարգում էր նաեւ ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը:

2024 թվականին Շրջակա միջավայրի նախարարությունում մշակվել է 69 իրավական ակտ, որից չորսը` օրենք. այս մասին տեղեկացրել է նախարար Հակոբ Սիմիդյանը` հանձնաժողովին ներկայացնելով գերատեսչության նախորդ տարվա կատարած աշխատանքները:

Զեկուցողը կարեւորել է ՀՀ ջրային օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնց արդյունքում հորից ջրօգտագործման դադարեցման դեպքում լուծարման կամ կոնսերվացման աշխատանքները կատարելու են բացառապես շինարարության իրականացման լիցենզիա ունեցող անձինք` ջրօգտագործողի միջոցներով: Նախարարաի խոսքով 2024 թվականի հուլիսի 1-ից մակերեւութային եւ ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործման դեպքերի համար նախատեսվել են տարբերակված վարչական տույժեր: Սահմանվել են Արարատի եւ Արմավիրի մարզերի այն համայնքները, որտեղ արգելվում է նոր հորատանցքերի, իսկ ձկնաբուծական նպատակներով նաեւ գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը: Գործարկվել է փաստացի ջրառի տվյալների առցանց փոխանցման միասնական հարթակը: Հակոբ Սիմիդյանը նշել է, որ արձանագրվել է Սեւանա լճի մակարդակի բարձրացում. 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ այն կազմել է 1900 մ 39 սմ: Առաջին անգամ կատարվել են Սեւանա լճի ջրի որակի մոնիտորինգային աշխատանքներ: Նախարարի խոսքով շարունակվել են պետբյուջեից ֆինանսավորվող Սեւանի իշխանի պաշարների վերականգնման, ձկնաբուծության զարգացման, ինչպես նաեւ եզակի եւ էնդեմիկ համարվող Սեւանի կողակ ձկնատեսակի պոպուլյացիայի վերականգնման աշխատանքները: Բնության հուշարձանների գույքագրման աշխատանքները եւս շարունակվել են, հիմնադրվել է 9 հա նոր տնկարան:

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը նախ անդրադարձել է անցած տարի Լոռու եւ Տավուշի մարզերում հեղեղումների հետեւանքով հասցեագրված միջոցառումների իրականացման ու կատարման աշխատանքին, նշել, որ այդ գործընթացները շարունակական են լինելու նաեւ 2025 թվականին: Փոխնախարարը մանրամասնել է նաեւ բնական ռեսուրսների կառավարման, ավտոմոբիլային, օդային եւ երկաթուղային տրանսպորտի ուղղությամբ նախարարության կատարած միջոցառումները, ճանապարհաշինարարական, ջրային տնտեսության ոլորտի աշխատանքները:

Համայնքների բյուջեներին հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիաները 2025 թվականի համար նախատեսվել է 98 մլրդ դրամ, որը 12,9 մլրդ դրամով ավելի է 2024-ին հատկացված 85,3 մլրդ դրամից:

Նախորդ տարի համայնքների բյուջեների փաստացի եկամուտները կազմել են 273 մլրդ դրամ` գերազանցելով 2023 թվականի նույն ցուցանիշը 10 տոկոսով:

Հանրապետության տարբեր բնակավայրերում 420 սուբվենցիոն ծրագիր եւ ենթածրագիր է իրականացվել` շուրջ 58,7 մլրդ դրամի չափով: Կառավարության տարբեր որոշումներով բյուջեից հատկացվել է 31,8 մլրդ դրամ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը ներկայացրել է հաշվետու տարում Էկոնոմիկայի նախարարության` գյուղատնտեսության մասով զեկույցը: 2024 թվականին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է շուրջ 958,8 մլրդ դրամ, նախորդ տարվա նկատմամբ աճը կազմել է 1,6 տոկոս, որից բուսաբուծությունը` շուրջ 455,6 մլրդ դրամ, նախորդ տարվա նկատմամբ աճը կազմել է 0,9 տոկոս: Անասնասնաբուծությունը կազմել է 503,2 մլրդ դրամ, նախորդ տարվա նկատմամբ աճը կազմել է 2,2 տոկոս:

Փոխնախարարը նաեւ մանրամասներ է ներկայացրել իրականացված ծրագրերի վերաբերյալ: Նշվել է, որ դրանք շարունակվում են ընթացիկ տարում:

Զեկուցողները պատասխանել են պատգամավորների հարցերին:

Ոլորտային զեկույցներն ընդունվել են ի գիտություն:

  • Կիսվել: