Մահվան ելքով վրաերթ Երևանում․ «Հյուսիս-հարավ» ճանապարհի դեռևս չշահագործվող հատվածում «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել է
Այսօր՝ հունիսի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 45-ամյա Զավեն Ս․-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով «Հյուսիս-հարավ» ճանապարհի դեռևս չշահագործվող հատվածում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուսի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Արտակ Սարգսյանը և կրտսեր պարեկ Աշոտ Մինասյանը։
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Արմեն Հովհաննիսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մանվել Մուրադյանի և ավագ քննիչ Տիրայր Կարապետյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը:
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: