չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Ներդրումներ անելու լավ հնարավորություն կա. Քերոբյանն ընդունել է CGM–ի պատվիրակությանը

Ներդրումներ անելու լավ հնարավորություն կա. Քերոբյանն ընդունել է CGM–ի պատվիրակությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Չինաստանի ազգային երկրաբանական և հանքարդյունաբերական կորպորացիայի (CGM) պատվիրակությանը և քննարկել Հայաստանում կորպորացիայի կողմից ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։


Հանդիպման ընթացքում Քերոբյանը նշել է, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարևոր ճյուղերից մեկն է, և վերջերս ՀՀ կառավարությունն ընդունել է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարությունը, որով նախանշվել են ՀՀ-ում այդ ոլորտի զարգացման հիմնական ուղղությունները։

«Քննարկվել են Հայաստանում կորպորացիայի կողմից ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել նախարարության իրավասությունների շրջանակում աջակցել Հայաստանում ընկերության նախագծերի բարեհաջող իրականացմանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

CGM կորպորացիան ամբողջությամբ պետական ձեռնարկություն է, որի հիմնական գործունեությունը վերաբերում է երկրաբանական և հանքարդյունաբերական ոլորտներին։ Կորպորացիայի կողմից իրականացվող խոշոր բիզնես ծրագրերն ընդգրկում են Ասիան, Աֆրիկան և Մերձավոր Արևելքը:

  • Կիսվել: