Մեր 14 հազար բժիշկները նույնիսկ ամիսը մեկ դեղատոմս դուրս չեն գրում. Արսեն Թորոսյան
Փետրվարին 9207 էլեկտրոնային տեղատոմս է դուրս գրվել, այն պացիենտների համար, որոնք իրենց գրպանից պետք է դեղ գնեն, հունվարին 9402, նշանակում է՝ մեր 14 հազար բժիշկները նույնիսկ օրը մեկ, ամիսը մեկ դեղատոմս դուրս չեն գրում։ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում այս մասին ասաց հանձնաժողովի նախագգահ, ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը:
«Այս իրավիճակը չի կարող այսպես շարունակվել, եթե մենք չենք կարողանում բժիշկներին ստիպել, որ դրանք գրեն, և միայն բեռը դնում ենք դեղատների վրա, կարող ենք բոլորին միանգամից փակել, որովհետև ոչ ոք չի բավարարում օրենքի պահանջին»,- ասաց Թորոսյանը՝ ընդգծելով, որ եթե գնան միայն դեղատներին տուգանելով, ապա ՀՀ-ում դեղատուն չի մնա:
Նրա կարծիքով, դեղատներին տուգանելը նպատակային կլինի այն դեպքում, երբ էլեկտրոնային դեղատոմսերի դուրսգրումը լինի մասշտաբային և լինեն օրինազանց տնտեսվարողներ.«Քանի դեռ ունենք 9000-ին մոտ թիվ չենք կարող պահանջել դեղատներից, որ պահանջեն պացիենտները բերեն, սա չի աշխատելու. փաստացի նշանակում է, որ այս մասով համակարգը պարզապես չի աշխատում»։
Ըստ Թորոսյանի, վարչապետը խնդրի շուրջ ասել է, որ ռեֆորմը չեն կարող հետ տալ.«Իհարկե չենք կարող, բայց եկեք այնպես անենք, որ աշխատի»: