Կընդլայնվեն էլեկտրաէներգիա վաճառողների շրջանակը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Արուսյակ Մանավազյանն առաջարկում են փոփոխություններ և լրացումներ կատարել «Էներգետիկայի մասին» օրենքում: Առաջարկը Ծովինար Վարդանյանը ներկայացրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ այսօր գումարված նիստի ընթացքում:
ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ օրինագծի համահեղինակը, ներկայացնելով փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, նշել է, որ 2018 թվականին ուժի մեջ մտած օրենսդրական բարեփոխումներով մեկնարկել է էլեկտրաէներգետիկական շուկայի աստիճանական ազատականացման եւ շուկայի նոր մոդելին անցման գործընթացը: Բացի այդ, շուկայի ազատականացման արդյունքում սպառողների համար ստեղծվել է հնարավորություն մինչ այդ գործող միակ մատակարարի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի փոխարեն ընտրելու նաև այլ՝ մրցակցային մատակարարների: Ներկայում էլեկտրաէներգետիկական շուկային մասնակցության նպատակով լիցենզիա է ստացել շուրջ 22 մատակարար, որոնցից, սակայն, շուկայում փաստացի գործունեություն են ծավալում միայն վեցը, ինչը, ըստ բանախոսի, խնդրահարույց է:
Նշվել է, որ շուկայում գործող վեց մատակարարներից իրենց առևտրի ծավալներով առաջինից երրորդ տեղերում գտնվող ընկերությունների առևտրի ծավալները տարբերվում են ավելի քան հինգ անգամ:
Պատգամավորները վերոնշյալ խնդիրը լուծելու նպատակով, մասնավորապես, առաջարկում են օրենքով սահմանված՝ էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից օգտվող՝ բնական ջրահոսի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններում, արևային և հողմային կայաններում էլեկտրաէներգիա արտադրողներին հնարավորություն տալ առաջիկա երկու տարիների ընթացքում հրաժարվել էլեկտրաէներգիայի գնման երաշխիքից և մուտք գործել մրցակցային շուկա՝ առանց այդ երաշխիքի վերականգնման իրավունքի:
Հիմնական զեկուցողն ընդգծել է, որ առաջարկվող իրավակարգավորումը հնարավորություն կտա ընդլայնելու էլեկտրաէներգետիկական շուկայի մրցակցային հատվածում էլեկտրաէներգիա վաճառողների շրջանակը և վաճառվող էլեկտրաէներգիայի ծավալները՝ խթանելով ազատական շուկայի զարգացումը:
Ծովինար Վարդանյանը տեղեկացրել է, որ օրինագծի մշակման փուլում հանդիպումներ են ունեցել տնտեսավարողների հետ, լսել նրանց կարծիքները:
Հարակից զեկուցող, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, ներկայացնելով դրական դիրքորոշումը, անդրադարձել է տնտեսավարողներից մի քանիսի դժգոհություններին՝ դրանք անվանելով անհիմն:
Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: