երկուշաբթի, նոյեմբեր 2
2 / 11 / 2026
Կխուսափենք աղետալի և ապոկալիպտիկ հետևանքներից. Հովհաննիսյանը՝ գազի գնի հնարավոր բարձրացման մասին

Կխուսափենք աղետալի և ապոկալիպտիկ հետևանքներից. Հովհաննիսյանը՝ գազի գնի հնարավոր բարձրացման մասին

Հայաստանի պետական բյուջեն ֆինանսական իմունիտետ ունի՞ գազի գնի հնարավոր բարձրացման նկատմամբ։ Այս մասին նոյեմբերի 2-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին հարցրել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

«Հունվարի 1-ից գազի գինը կա՛մ կմնա նույնը, կա՛մ կբարձրանա։ Բայց, ամեն դեպքում, դուք ստիպված կլինեք նստել բանակցությունների սեղանի շուրջ և սկսել քննարկումները։ Մենք բոլորս նույն նավի մեջ ենք։ Գազի գնի բարձրացումը վատ է։ Այն կանդրադառնա բոլորի վրա՝ առանց բացառության», - նշեց Մանուկյանը։

Նրա խոսքով՝ գազի գնի բարձրացման բացասական հետևանքները կկարողանան հաղթահարել միայն պետական պաշտոնյաները, քանի որ միայն նրանց աշխատավարձերն են բարձրացվել։

«Բայց Հայաստանի մյուս քաղաքացիներն ինչպե՞ս են հաղթահարելու դա», - հետաքրքրվեց պատգամավորը։

Ֆինանսների նախարարն ի պատասխան հայտարարեց, որ գազի գնի հնարավոր բարձրացման վերաբերյալ առայժմ որևէ տեղեկություն չկա։

«Չեմ կարծում, որ մենք պետք է գազի գնի բարձրացման մասին խոսենք ապոկալիպտիկ տոնով։ Առավել ևս չեմ կարծում, որ դա աղետալի հետևանքներ կունենա», - անհիմն պնդեց Հովհաննիսյանը։

  • Կիսվել: