երկուշաբթի, նոյեմբեր 2
2 / 11 / 2026
Այդքան միամիտ չենք, որ մտածենք՝ Փաշինյանն արդար հանրաքվեի կգնա. Աննա Գրիգորյան

Այդքան միամիտ չենք, որ մտածենք՝ Փաշինյանն արդար հանրաքվեի կգնա. Աննա Գրիգորյան

Հայաստանի Սահմանադրական դատարանը որոշումն է ընդունել, որտեղ ասում է, որ ՀՀ սահմանադրության մեջ որևէ տարածքային պահանջ չկա Ադրբեջանի նկատմամբ, և եթե Ադրբեջանի մտահոգությունը դա է, որ մենք տարածքային պահանջ ունենք, ապա Սահմանադրական դատարանը ամբողջովին փարատել է այդ բոլոր հնարավոր կասկածները։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

«Հետևաբար, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ոչ թե ադրբեջանական պահանջների համատեքստում պետք է մեկնաբանություն անի, այլ Հայաստանի Հանրապետության ուղիղ դիրքորոշումներն արտահայտի, որը այս դեպքում նաև Սահմանադրական դատարանի որոշման մեջ է ներառված»,–ասաց նա։

Անդրադառնալով իշխանությունների դիրքորոշմանը, որ ոչ թե պետք է ընդդիմությունը այ կամ ոչ ասի Սահմանադրությանը, այլ կողմ արտահայտվի, որ հարցը դրվի հանրաքվեի, Աննա Գրիգորյանն ասաց. «Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է սահմանադրությամբ նախատեսված, որ նոր սահմանադրության հարցը միանգամից չի դրվում հանրաքվեի, չէ, մի հատ էլ ֆիլտր է դրված՝ Ազգային ժողով։ Դա պատահական չի, որ քաղաքական ուժերը պետք է գնահատեն իրավիճակը, իրենց մանդատից ելած լիազորությունների մասին քննարկում պետք է ունենան։ Հիմա, եթե այս ֆիլտրը դրված է, նշանակում է այստեղ կարևոր խնդիր կա, որ քաղաքական ուժերը ևս պետք է դիրքորոշում ունենան։

Եվ հետո ամենակարևոր բանը ի՞նչ է, մենք այդքան միամի՞տ ենք, ընդամենը մի քանի ամիս առաջ մենք տեսել ենք՝ ոնց են անցկացվել ընտրությունները։ Ուզում եք ասել, որ ես այնքան միամիտ պետք է լինեմ, որ կարծեմ, որ Նիկոլ Փաշինյանը արդար ընտրություն է իրականացնելու, վարչական ռեսուրս չի կիրառելու, չի գալու բոլորին հերթական անգամ նստացնի։ Այսօր բոլոր ընդդիմադիր ուժերի ղեկավարները նստած են։

Նախորդ խորհրդարանը ընդունել է մի օրենք, որով երկու տարվա մեջ մեկ տարի Հայաստանում ապրող մարդը միայն կարող է քվեարկել, էականորեն նվազեցվել է ընտրողների ցուցակը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ցուցակները մաքրել է, հնարավորինս քչացրել է, որպեսզի համապատասխան թվով ձայները իր համար ավելի հեշտ լինի ապահովել, վարչական աննախադեպ ռեսուրսներ կիրառել է ընտրություններին և սա ավելի ուժեղ է անելու։

Հիմա հայտարարելու է, որ ով ինձ հետ չի, ինքը պատերազմ է ուզում, եթե չգաք մասնակցեք, լինելու է ավերիչ պատերազմ։

Եթե ես իսկապես այդքան միամիտ լինեի, որ կարծեի մենք գնալու ենք ազնիվ, արդար հանրաքվեի և ես կարողանալու եմ ժողովրդին «ոչ»–ի ճամբարով իմ մեսիջին հասնել, ես վստահ եմ, որ ես կարողանալու եմ, բայց հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի վարչական ռեսուրսի կիրառումը, աննախադեպ ճնշումները, այդ մթնոլորտում չենք կարող համաձայնել մի պրոցեսի, որի ելքը արդեն տեսնում ենք, կանխատեսելի է»,–ասաց նա։

  • Կիսվել: