հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Կկատարելագործվի սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանով ապահովման ծառայությունների ոլորտի իրավական դաշտը

Կկատարելագործվի սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանով ապահովման ծառայությունների ոլորտի իրավական դաշտը

Կառավարությունը հաստատել է Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովելու կարգը, պայմանները, շահառուների խմբերը, պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովելու համար պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացվող և տրամադրվող տվյալների ցանկը, դրանք ստանալու և տրամադրելու կարգն ու տրամադրող մարմինների ցանկը։

Որոշման ընդունումը կնպաստի այն օրենսդրական բացերի լրացմանը, որոնք ներկայումս առկա են պետական ժամանակավոր օթևանում և սոցիալական բնակարանային ֆոնդից կացարան տրամադրելու ոլորտում: Ըստ այդմ՝ առաջարկվում է վերանայել պետական սոցիալական բնակարանային ֆոնդում տեղավորվող անձանց (ընտանիքների) ցանկը և նրանց ներկայացվող պայմանները։ Մասնավորապես՝ որոշմամբ, ի թիվս այլ խմբերի, սահմանվել է նաև հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում հայտնված ընտանիքներին ներկայացվող չափորոշիչները ու պայմանները։ ՀՀ-ում ապաստան ստացած փախստականներին հնարավորություն է տրվում կացարանով ապահովվել երկու մեխանիզմներով։

Որպես նոր սոցիալական խումբ սահմանվել են նաև ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձինք, ովքեր հիմքեր չունեն ապաստարանում բնակվելու, սակայն սոցիալական գնահատման կարիքի հիման վրա նրանք ունեն կացարանի կարիք։ Որոշմամբ նախատեսվում է սահմանել փորձնական ծրագիր, որի համաձայն՝ ի սկզբանե պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանները հատկացվում են մատչելի վարձավճարի դիմաց։ Փորձնական ծրագիրը իրականացվելու է քաղաք Արտաշատ, Մռավյան 32/1 հասցեում գտնվող պետական սոցիալական բնակարանային ֆոնդում։ Նշված հասցեում գտնվող պետական սոցիալական բնակարանային ֆոնդում նախատեսվում է ունենալ 23 կացարան։ Նախատեսվում է վերանայել սոցիալական բնակարանային ֆոնդից տրամադրվող կացարանի տրամադրման պայմանագրերի ժամկետները։

Արդյունքում՝ ակնկալվում է կատարելագործել պետական սոցիալական բնակարանային ֆոնդից կացարանով ապահովման ծառայությունների ոլորտի իրավական դաշտը, վերանայել թիրախային խմբերի ցանկը, կարգավորել որոշակի հարաբերություններ:

  • Կիսվել: