երեքշաբթի, սեպտեմբեր 8
8 / 9 / 2026
 Ինչ ունեցվածք ունի արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը. «Ժողովուրդ»

Ինչ ունեցվածք ունի արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել արդարադատության նախարարի տեղակալների ունեցվածքը և ներկայացնել հանրությանը, թե պաշտոնյաներն ինչ գույքով ու ֆինանսական միջոցներով են պաշտոն ստանձնել և ինչպես են դրանք փոխվել պաշտոնավարման ընթացքում։ Այս անգամ ուսումնասիրել ենք արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի հայտարարագրերը՝ պաշտոնը ստանձնելու պահից մինչև 2025 թվականը։

Տիգրան Դադունցը Արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնին նշանակվել է 2024 թվականի նոյեմբերի 21-ին՝ ՀՀ վարչապետի որոշմամբ։ Պաշտոնը ստանձնելու պահին Դադունցի անունով սեփականության իրավունքով անշարժ գույք հայտարարագրված չի եղել։ Միաժամանակ հայտարարագրում նշված է, որ նա 90 և ավելի օր փաստացի տիրապետել է Երևանում գտնվող բնակարանի։ 

Տրանսպորտային միջոցներից Դադունցը ունեցել է 2014 թվականի արտադրության «Hyundai» մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2021 թվականի սեպտեմբերի 13-ին՝ գնման եղանակով։

Բանկային ավանդների մասով Դադունցը հայտարարագրել էր երեք դոլարային ավանդ՝ 12 հազար 517.43, 10 հազար 300 և 5300 ԱՄՆ դոլարի չափով, ինչպես նաև 3 մլն 34 հազար դրամի ավանդ։ Բանկային հաշիվներում պաշտոնը ստանձնելու պահին առկա է եղել 5 մլն 248 հազար 198.5 դրամ, 167.39 եվրո, 1177.19 դոլար և ևս 1 մլն 22 հազար 220.69 դրամ։ Էլեկտրոնային հաշվում առկա է եղել 7531.76 դրամ։ Կանխիկ միջոցները կազմել են 10 հազար դրամ և 330 ԱՄՆ դոլար։

Պաշտոնը ստանձնելու ժամանակ Դադունցը ունեցել է նաև 42 մլն 999 հազար 186.6 դրամի վարկային պարտավորություն։ Հայտարարագրում նշված է, որ վարկը կապված է կառուցվող շենքից անշարժ գույքի գնման իրավունքի հետ։

2025 թվականի տարեկան հայտարարագիրը ցույց է տալիս, որ նրա անունով անշարժ գույք կրկին չի հայտարարագրվել։ Միաժամանակ նա շարունակել է 90 և ավելի օր փաստացի տիրապետել Երևանում գտնվող բնակարանի։ 2014 թվականի «Hyundai»-ն նույնպես մնացել է նրա ունեցվածքում։

2025 թվականին Դադունցի ֆինանսական ակտիվների շարքում նորություն են ամերիկյան խոշոր ընկերությունների արժեթղթերը։ Նա ձեռք է բերել Netflix, Tesla, Super Micro Computer, Intel Corporation, Nvidia և Apple ընկերությունների արժեթղթեր։ Տարեվերջին դրանց հայտարարագրված արժեքները համապատասխանաբար կազմել են 187.52, 899.44, 30, 184.5, 1119 և 813 ԱՄՆ դոլար։

Բանկային ավանդների մասով տարեվերջին Դադունցն ունեցել է 12 հազար 840.25, 10 հազար 300 և 5400 ԱՄՆ դոլար, ինչպես նաև 3 մլն 34 հազար դրամ։ Բանկային հաշիվներում նրա դրամական միջոցները 2025 թվականի ավարտին կազմել են 17 մլն 836 հազար 608 դրամ, 1600.39 ԱՄՆ դոլար և 36.88 եվրո։

Բացի այդ, նա հայտարարագրել է 1200 ԱՄՆ դոլարի կրիպտոարժույթ՝ Bitcoin, Solana, Dogecoin, Ethereum, XRP, BNB և Cardano։ Տարվա սկզբին այդ ակտիվների արժեքը հայտարարագրված էր զրո։ Կանխիկ դրամի մասով տարեվերջին Դադունցն ունեցել է 815 հազար դրամ և 500 ԱՄՆ դոլար։

2025 թվականին նրա ընդհանուր հայտարարագրված եկամուտը կազմել է 25 մլն 641 հազար 552 դրամ։ Դրանից 19 մլն 462 հազար 617 դրամը ստացվել է Արդարադատության նախարարությունից՝ որպես աշխատանքի վարձատրություն, իսկ 4 մլն 201 հազար 807 դրամը՝ եկամտային հարկի վերադարձից։ Երևանի պետական համալսարանից ստացած եկամուտը կազմել է 576 հազար 613 դրամ, իսկ Ֆինանսների նախարարությունից այլ եկամուտների տեսքով՝ 300 հազար դրամ։ Մնացած գումարը կազմել են տարբեր բանկերից ստացված տոկոսային եկամուտները։

2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Դադունցի վարկի մայր գումարի մնացորդը կազմել է 42 մլն 983 հազար 157.7 դրամ։ Տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 5 մլն 798 հազար 69.9 դրամ։

Այսպիսով, Տիգրան Դադունցը 2024 թվականի նոյեմբերին պաշտոնը ստանձնել է առանց իր անունով հայտարարագրված անշարժ գույքի, մեկ՝ 2014 թվականի «Hyundai» ավտոմեքենայով, բանկային միջոցներով և մոտ 43 մլն դրամի վարկային պարտավորությամբ։ 2024 թվականին նրա ընդհանուր եկամուտը կազմել է ավելի քան 25.5 մլն դրամ, իսկ 2025-ին՝ ավելի քան 25.6 մլն դրամ։ Միաժամանակ 2025-ին նրա հայտարարագրում արդեն հայտնվել են ամերիկյան խոշոր ընկերությունների արժեթղթեր և 1200 դոլարի կրիպտոարժույթ։

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել պետական պաշտոնյաների հայտարարագրերը՝ հանրությանը ներկայացնելով, թե ինչ ունեցվածքով են նրանք պաշտոն ստանձնում և ինչպես են փոխվում նրանց գույքն ու ֆինանսական միջոցները պաշտոնավարման ընթացքում»։

  • Կիսվել: