Հասարակական տարածքները պետք է վերադարձվեն մայրաքաղաքի բնակիչներին․ Ավինյան
Տորք Անգեղի արձանի շուրջ ստեղծվող նոր այգին դառնալու է ոչ միայն Նոր Նորք վարչական շրջանի, այլև ողջ մայրաքաղաքի բնակիչների ձգողության նոր կենտրոնը։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այն նոր ձգողության կենտրոն է դառնալու բոլոր երևանցիների համար։ Ուզում եմ, որ բոլորս վերհիշենք, թե ինչ վիճակում էր այս այգին մոտ երեք տարի առաջ, և թե ինչ մեծ դիմադրություն էր կազմակերպվում այնտեղի բախչաների տերերի ու քոլիկներ խփած մարդկանց կողմից»,— ասել է քաղաքապետը։
Նրա խոսքով՝ հանրային տարածքները պետք է վերադարձվեն քաղաքացիներին։ «Հանրային տարածքները պատկանում են բոլորին, և սա շատ լավ օրինակ է, թե ինչպես է հանրային տարածքը վերադարձվում քաղաքին ու երևանցիներին»,— նշել է Ավինյանը՝ շնորհավորելով բոլորին այս իրադարձության առթիվ։



