Գյումրիում կարկտահարությունից տուժածները վնասի փոխհատուցման դիմումներ կարող են ներկայացնել մինչև հունիսի 26-ը
Հունիսի 19-ին Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտը հերթական անգամ զգալի վնասներ է հասցրել քաղաքին և բնակիչներին։ Տեղումների հետևանքով տուժել են քաղաքացիների սեփականություն հանդիսացող գույքը, տրանսպորտային միջոցներն ու տնամերձ հողատարածքները։
Գյումրու քաղաքապետարանից հայտնում են, որ քաղաքային իշխանություններն արդեն սկսել են կարկտահարության հետևանքով պատճառված վնասների արձանագրման գործընթացը։
«Բոլոր այն քաղաքացիները, ովքեր տուժել են բնական աղետից, կարող են իրենց վնասների վերաբերյալ համապատասխան դիմումներ ներկայացնել Գյումրու քաղաքապետարան։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հունիսի 26-ը։
Քաղաքապետարանը հորդորում է բնակիչներին գործել հնարավորինս սեղմ ժամկետներում, որպեսզի հանձնաժողովները կարողանան ժամանակին իրականացնել տեղազննությունն ու գնահատել հասցված վնասի իրական չափը՝ հետագա աջակցության ծրագրերում դրանք ներառելու նպատակով»,-հայտնում են քաղաքապետարանից։



