Զորավարժությունների անցկացումը թույլ է տալիս մեծացնել վստահությունն ու բարեկամությունը ԱՄՆ-ի ու ՀՀ-ի միջև. Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար
Հուլիսի կեսին մեկնարկում է «Արծիվ գործընկեր-24» զորավարժությունը, հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:
«Վիսբադեն, Գերմանիա․ Հուլիսի 15-ից 24-ը Հայաստանում կայանալիք «Արծիվ գործընկեր» զորավարժությանը կմասնակցեն զինծառայողներ Հայաստանի Հանրապետությունից, ԱՄՆ Ցամաքային ուժերի Եվրոպայի և Աֆրիկայի հրամանատարությունից և Կանզաս նահանգի Ազգային գվարդիայից։
Զորավարժության շրջանակում հայկական և ամերիկյան կողմերը կզարգացնեն խաղաղապահ գործողություններ անցկացնելու իրենց կարողությունները՝ իրականացնելով կրակային և կայունության ապահովմանն ուղղված պատրաստության, զենքերի հետ ծանոթացման և հրաձգարանի ղեկավարման միջոցառումներ: Այս վարժանքների իրականացումը թույլ կտա երկու պետությունների զինծառայողներին ծանոթանալ միմյանց գույքի և տեխնիկայի հետ:
«Տարիների ընթացքում Կանզասի Ազգային գվարդիան ամուր համագործակցային կապեր է հաստատել Հայաստանի Հանրապետության հետ, իսկ մեր հայ գործընկերների հետ համատեղ զորավարժությունների անցկացումը, ինչպիսին է «Արծիվ գործընկերը», թույլ է տալիս մեծացնել վստահությունն ու բարեկամությունը մեր երկրների և մեր զինված ուժերում ծառայող կանանց և տղամարդկանց միջև», - նշում է Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդին։
«Արծիվ գործընկեր» զորավարժությունը նախատեսված է ամրապնդելու Միացյալ Նահանգների և Հայաստանի երկարամյա համագործակցությունը՝ փոխգործելիության և պատրաստականության մեծացման միջոցով։ Կանզասի Ազգային գվարդիան արդյունավետ կերպով փոխգործակցում է Հայաստանի հետ 2003թ․-ից՝ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Նահանգային գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում։
Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել ԱՄՆ Ցամաքային ուժերի Եվրոպայի և Աֆրիկայի հրամանատարության հանրային կապերի գրասենյակին, էլ․ փոստ՝ [email protected]»,-ասված է հաղորդագրության մեջ։