շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Զինծառայության չանցնելու պատրվակով ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու համար առաջարկվում է պետբյուջե վճարել 15 մլն դրամ

Զինծառայության չանցնելու պատրվակով ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու համար առաջարկվում է պետբյուջե վճարել 15 մլն դրամ

Պարտադիր զինծառայության ենթակա քաղաքացիների 69 տոկոսը չի անցնում պարտադիր ծառայություն, որի 80-82 տոկոսը՝ առողջական խնդիրների պատրվակով, 4 տոկոսը զորակոչի չի ներկայանում, այսինքն՝ խուսափում ի ծառայությունից, իսկ մոտարկված 2000-ից ավելի քաղաքացի հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից: Այս թվերը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ մանրամասնելով ոլորտը կարգավորող նախագիծը:

«Առաջարկում եմ քաղաքացիությունից հրաժարելու համար սահմանել 15 մլն դրամ պետական վճար, որը հավասար է, եթե հաշվենք 300 հազար դրամ ամսական աշխատավարձով, 50-ամսվա աշխատավարձի մոտարկված թիվը»,- ասաց նա:

Պատգամավորը հիշեցրեց, որ ՊԵԿ-ի օրենսդրության մեջ արդեն իսկ կա 15 մլն դրամով ծառայության չանցնելու վճարը, որն ընդունվել է 2024 թվականին և գործում է, ապա պարզաբանեց, թե ինչ է ասում օրենքը: Ըստ այդմ՝ առաջին տարբերակով քաղաքացիները կարող են ծառայել 0 օր և վճարել 15 մլն դրամ, ինչը վերաբերում է 27-37 տարեկան պարտադիր զինծառայությունից խուսափած անձանց: Երկրորդ տարբերակով առաջարկվում է ծառայել 1 ամիս և վճարել 8 մլն դրամ, երրորդ տարբերակով՝ ծառայել 6 ամիս և վճարել 5 մլն դրամ, չորրորդ տարբերակով՝ ծառայել 12 ամիս և վճարել 2,5 մլն դրամ, հինգերորդ տարբերակով՝ ծառայել 24 ամիս և չվճարել ոչ մի դրամ:

«Այս օրենքից օգտվել է մոտ 100 քաղաքացի, նրանց մեծամասնությունը՝ շուրջ 60 տոկոսը, վճարել է 15 մլն դրամ և չի ծառայել: Օրենքի ընդունման արդյունքում այս պահի դրությամբ հավաքագրվել է շուրջ 100 մլրդ 100 մլն դրամից ավելի գումար, և շարունակում են քաղաքացիներն օգտվել:

Եթե մենք այս հնարավորությունը չտայինք, նրանք ունեին մեկ հնարավորություն՝ վերադառնալու կամ հայտնաբերվելու դեպքում դատապարտվել 3 տարվա ազատազրկման, բայց փորձը ցույց է տալիս, որ նրանք չեն էլ դատապարտվում… Այսինքն՝ այս 15 միլիոնը, որը վճարվում է այսօրվա ծառայության դիմաց, առաջարկվում է, որպեսզի սահմանվի նաև քաղաքացիությունից հրաժարվելու համար»,- պարզաբանեց պատգամավորը:

Առաջարկվում է նաև Կառավարության 404 որոշման մեջ կատարել փոփոխություններ, և որոշ առողջական խնդիրներ ունեցողներին սահմնափակումով զորակոչել պարտադիր զինծառայության:

«Այսինքն՝ մեր այն քաղաքացիները, որոնք ունեն այնպիսի խնդիր, որ ծառայության որոշ տեսակների հետ անհամատեղելի չեն, նրանց տանենք այսպիսի ծառայության: Պայմանականորեն, եթե նա կարճատես է, և -6 կարճատեսություն ունի, բայց ակնոցով կամ թաղանթային լինզաներով կարող է լիարժեք ծառայություն իրականացնել, նրան զորակոչել պարտադիր զինծառայության, բայց այնպիսի ծառայության, որն իր առողջությանը չվնասի: Օրինակ՝ հրաձիգ չլինի, բայց ծառայության մեջ ներգրավված լինի»,- ասաց նա:

Ըստ պատգաավորի՝ Կառավարության 404 որոշման վերոնշյալ կետի կիրառման արդյունքում 31,4 տոկոսը, որը զորակոչի ներկայացածների տարեկան թիվն է, մեծացել է 4,2 տոկոսով՝ դառնալով 35,6 տոկոս: Իսկ հիվանդությունների ցանկը նվազեցնելու արդյունքում, ըստ Հայկ Սարգսյանի, աճել է զինծառայությունից խուսափողների թիվը, ինչի արդյունքում 2024-ին 2 անգամ շատացել է բանակից խուսափողների թիվը՝ 4 տոկոսից դառնալով 8 տոկոս:

Առաջարկվում է նաև պարտադիր զինվորական սահմանային տարիքը՝ 27 տարեկանը, դարձնել 32 տարեկան: Մեկ այլ առաջարկով՝ նախատեսվում է քրեականացնել փորձաքննությունից հրաժարվելը, փորձաքննության նմուշ տալը: Ըստ պատգամավորի՝ կրկնակի փորձաքնությունը կարող է պարզել, որ կեղծիք է կատարվել:

«Առաջարկում եմ խրախուսող կետեր, որպեսզի 15 միլիոնի կարգի վճարելու հնարավորություն տանք նաև 18 տարին լրացածներին, և հետևյալ երկու տարբերակներն առաջարկենք. 27-37 տարեկանները ծառայելու են 0 օր՝ վճարելով 15 մլն դրամ: 18-32 տարեկան քաղաքացիներին հնարավորություն է տրվելու ծառայել 1 ամիս՝ վճարելով 24 մլն դրամ, կամ ծառայել 4 ամիս՝ վճարելով 18 մլն դրամ:

Ակնկալվում է, որ այս փոփոխության արդյունքում այն քաղաքացիները, որոնք որևէ կերպ խուսափում են առողջական թղթերով կամ ուղղակի լքում են երկիրը, կամ հրաժարվում են քաղաքացիությունից, նրանց 10 տոկոսը կօգտվի օրենքից: Եվ մոտավորապես 2000 քաղաքացի կօգտվի օրենքից, որի արդյունքում կունենանք +2000 կարճաժամկետ պահեստազորային ծառայող, +4000՝ պայմանագրային»,- ասաց նա՝ նշելով, որ սա հնարավորություն կտա պարտադիր զինծառայության ժամկետը կրճատել՝ 2-ից դարձնելով 1,5 տարի:

  • Կիսվել: