Սուրեն Պապիկյանը մանիպուլացնու՞մ է
#CivilNetCheck-ը անդրադարձել է «Միասնության թևեր» կուսակցության ղեկավար Արման Թաթոյանի պնդումներին առ այն, թե 2025 թվականի օգոստոսի 8-ից ի վեր Ադրբեջանը դիրքային առաջխաղացում է ուեցել ՀՀ տարածքում, և Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի աներգբա հերքումներին այս առնչությամբ՝ փորձելով պարզել, թե ով է ճիշտ, ով սխալ։
Արման Թաթոյանը որպես «նոր ներխուժման» առաջին օրինակ ներկայացնում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ Սոթքի հանքավայրի հարակից հատվածում գտնվող ադրբեջանական դիրքերից մեկը (կոորդինատները՝ 40.18816° N, 45.97800° E)։
Ինչպես իր խոսքում էլ նշել է Թաթոյանը, 2021-ի մայիսին և 2022-ի սեպտեմբերին իրականացված ագրեսիաների ընթացքում ադրբեջանական զինված ուժերը տվյալ հատվածում արդեն ներխուժել էին Հայաստանի ինքնիշխան տարածք։ Նրա ներկայացրած նոր դիրքը գտնվում է այդ ժամանակ առաջ եկած ավելի խոր ադրբեջանական դիրքերից հետ՝ նույն ուղղությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանագծի վրա։ Այդ հատվածից ադրբեջանական կողմը դեռ այն ժամանակվանից վերահսկողության տակ էր պահում թե՛ հայկական դիրք տանող ճանապարհը, թե՛ Սոթք բնակավայրը։
Ըստ ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզներով սահմանված իրավական սահմանից մինչև ադրբեջանական այս դիրքի վերջնամասը ՀՀ տարածքի ներսում կազմում է 46 մետր, իսկ մինչև դիրքի արևելյան անկյունը (ԱՀ Դ-2)՝ 55 մետր։ Դիրքի մյուս անկյունները գտնվում են ադրբեջանական կողմում։ Փաստացի այս հատվածում ադրբեջանական կողմը Թաթոյանի նշած ժամանակահատվածում նոր դիրք է կառուցել սահմանագծի ադրբեջանական կողմում, սակայն դրա մի հատվածը հատում է ՀՀ իրավական սահմանը։
Վարդենիսի ուղղությամբ տվյալների ներկայացումը շարունակելով՝ Թաթոյանը նշում է, որ ադրբեջանական կողմը Հայաստանի տարածքում բարելավել է դեպի իր դիրքեր տանող ճանապարհները։ Ճանապարհն (կոորդինատները՝ 40.18082° N, 45.95614° E) իսկապես նոր է. այն կառուցվել է Ադրբեջանի՝ ավելի վաղ հարձակման հետևանքով առաջխաղացած հատվածում, որը գտնվում է ադրբեջանական դիրքների վերահսկողության տակ։
#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ճանապարհի կառուցումը սկսվել է 2025-ի օգոստոսի 8-ից հետո։ Արբանյակային լուսանկարներում այն մասնակի տեսանելի է արդեն օգոստոսի 19-ից։ Նախկին օմբուդսմենը խոսել է նաև Վարդենիսի հատվածում Ադրբեջանի կառուցած «հատուկ թաքստոցների» մասին։ Նրա խոսքով՝ դրանք գտնվում են Հայաստանի սահմանից ընդամենը մի քանի մետր այն կողմ (կոորդինատները՝ 40°10’16.07″N 45°58’22.47″E)։ Իրականում Թաթոյանի նշած ամրաշինական կառույցները գոյություն են ունեցել նաև մինչև 2025-ի հուլիսը։
Ադրբեջանական կողմը այս հատվածում դիրք էր կառուցել դեռևս 2022-ին, իսկ Թաթոյանի նշած թաքստոցները կառուցվել են այդ դիրքին կից՝ առանց իրավական սահմանը հատելու։ Միաժամանակ պետք է արձանագրել, որ ավելի վաղ կառուցված այդ դիրքի խրամատների մի մասը հատում է ՀՀ իրավական սահմանը։
Բացի այդ, Ադրբեջանը այս հատվածում ավելի խոր դիրքեր ունի ՀՀ տարածքում, իսկ նշված թաքստոցները գտնվում են դրանց թիկունքում։ Հաջորդիվ Արման Թաթոյանն անդրադառնում է Ջերմուկի հատվածում 2022-ի սեպտեմբերյան ներխուժումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած գոտում կատարված փոփոխություններին։
Նախկին օմբուդսմենը ներկայացնում է այդ հատվածում՝ ադրբեջանական դիրքեր տանող ճանապարհի հարակից տարածքում իրականացված աշխատանքները (կոորդինատները՝ 39°56’12.91″N, 45°45’27.83″E)։ Սակայն արբանյակային լուսանկարները փաստում են, որ այս ամրաշինական կառույցների շինարարությունը սկսվել է 2024-ի ամռանը, և դրանք արդեն ամբողջությամբ տեսանելի են նույն տարվա օգոստոսին։ Այս կառույցները նույնպես գտնվում են ՀՀ դե յուրե տարածքում, սակայն այն հատվածում, որը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2022-ի ներխուժումից հետո։ Հատկանշական է, որ դրանցից դեպի Ջերմուկ ադրբեջանական կողմը ունի ավելի առաջ տեղակայված դիրքեր։ Հաջորդիվ Թաթոյանը խոսում է Ջերմուկի հատվածի զավթված տարածքում տեղակայված երկու դիրքում ամրաշինական աշխատանքների մասին՝ նշելով, որ դրանք էլ «հապշտապ են» կառուցվել։
Այս դեպքում նա հստակ ժամանակագրություն չի նշում, սակայն ներկայացումից տպավորություն է ստեղծվում, թե դրանք նույնպես իրականացվել են 2025-ի հուլիս–օգոստոս ամիսներին։ Այս դիրքերը նոր չեն։ Դրանք նախկինում բազմիցս քննարկվել են և արբանյակային պատկերներում տեսանելի են առնվազն 2023-ից (կոորդինատներ՝ 39°54’28.61″N, 45°43’0.41″E և 39°54’18.69″N, 45°42’58.04″E)։ Ինչ վերաբերում է ամրաշինական աշխատանքներին, ապա Թաթոյանի ցուցադրած կառույցները արբանյակային պատկերներում տեսանելի են արդեն 2025-ի հունիսի դրությամբ, և դրանից հետո տվյալ հատվածում նոր փոփոխություններ չեն եղել։


