Պատգամավորն առաջարկում է խրախուսել սփյուռքահայերի՝ ՀՀ քաղաքացիություն ստանալը կրճատված զինծառայության կամ վճարովի այլընտրանքի հնարավորությամբ
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է, որպեսզի ազգությամբ հայ, բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող արական սեռի անձինք հնարավորություն ունենան մինչև պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքին հասնելը ստանալ ՀՀ քաղաքացիություն՝ անցնելով կրճատված ժամկետով ծառայություն կամ դրա փոխարեն պետական բյուջե վճարելով օրենքով սահմանված գումար։
Ազգային ժողովում կայացած ասուլիսի ընթացքում Սարգսյանը նշեց, որ առաջարկն ուղղված է հատկապես Վրաստանի, ԱՄՆ-ի և այլ երկրների հայ համայնքի երիտասարդներին, որոնք, ապրելով Հայաստանում, մնում են օտարերկրյա քաղաքացիներ և չեն ենթարկվում պարտադիր զինվորական ծառայության։
«Նրանց մեծ մասը ցանկանում է դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, սակայն սպասում են մինչև 27 տարեկանը լրանա, որպեսզի 2 տարի չծառայեն ։ Առաջարկում եմ այդ քաղաքացիներին հնարավորություն տալ քաղաքացիություն ստանալու պահին ծառայել մեկ տարի կամ վճարել սահմանված գումարը։ Այդ միջոցները կուղղվեն բանակի կարիքներին, իսկ մենք կստանանք լրացուցիչ զորակոչիկ կամ պահեստազորային»,-նշեց պատգամավորը։
Սարգսյանը նաև ներկայացրել է վիճակագրական տվյալներ՝ նշելով, որ 2020–2024 թվականների ընթացքում 8721 քաղաքացի հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից մինչև 18 տարեկանը։ Նույն ժամանակահատվածում շուրջ 42,000 արական սեռի անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն, սակայն նրանցից միայն մոտ 7 տոկոսն (3000 մարդ) է դա արել մինչև 27 տարեկանը։
«Գերակշիռ մասը սպասում է, որպեսզի իրենց 27 տարին լրանա, որպեսզի պարտադիր զինվորական ծառայություն չանցնեն։ Իմ առաջարկը նաև կխրախուսի, որպեսզի նրանք ավելի շուտ դառնան Հայաստանի Հանրապետության քաղաքացի և չսպասեն մինչև իրենց 27 տարին լրանալը, քանի որ հաճախ, եթե մենք այդ հնարավորությունը չտանք, 28 տարի լրանալուց հետո հնարավոր է այդ ցանկությունը այս քաղաքացիների մոտ, այս անձանց մոտ վերանա»,- եզրափակեց Սարգսյանը։