շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
Կառավարությունն ունի սկզբունքային նկատառումներ Հայկ Սարգսյանի՝ պարտադիր զինծառայությունից գումարի դիմաց ազատվելու նախագծի մասով

Կառավարությունն ունի սկզբունքային նկատառումներ Հայկ Սարգսյանի՝ պարտադիր զինծառայությունից գումարի դիմաց ազատվելու նախագծի մասով

Կառավարությունն ունի սկզբունքային մի քանի նկատառումներ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ պարտադիր զինծառայությունից գումարի դիմաց ազատվելու նախագծի վերաբերյալ: Այդ մասին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ ներկայացնելով Կառավարության դիրքորոշումը:

Ըստ նախարարի տեղակալի՝ Կառավարությունը պնդում է, որ յուրաքանչյուր զորակոչի հայտարարման մասին որոշման մեջ պետք է սահմանվի տվյալ որոշմանը համապատասխան կրճատ ժամկետով ծառայության անցնելու դիմումների առավելագույն քանակ, քվոտա, իսկ այս գործընթացի իրականացման կարգը պետք է սահմանի Կառավարությունը, այսինքն՝ օրենքը պետք է լիազորի գործադիրին՝ պրոցեսն ամբողջությամբ կանոնակարգելու:

«Հայկ Սարգսյանը գումարի այլ չափեր էր ներկայացրել սկզբում. 20 միլիոն դրամ էր նշել: Կառավարության կողմից վերջնական հավանության է արժանացել է 24 մլն դրամը 1 ամսվա համար: Պարոն Սարգսյանը նաև 15 մլն դրամ էր առաջարկել, մենք նախատեսել ենք 4 ամսվա ծառայության համար 18 մլն դրամ: Նաև համաձայնություն ենք տվել՝ կապված քաղաքացիությունից հրաժարվելու դեպքերի հետ, 15 մլն դրամի գումար վճարելու պայմանին՝ ձևակերպումները որոշակի փոփոխության ենթարկելով»,- ասաց նա:

Նաև առաջարկվել է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխության փոխարեն «Պաշտպանության մասին» օրենքում նախատեսել մինչև 16 տարին լրանալն արական սեռի քաղաքացիների կողմից օրենքի ուժով ՀՀ-ի նկատմամբ 15 մլն դրամի չափով հանրային-իրավական դրամական պարտավորություն, որը դադարում է արական սեռի քաղաքացու՝ զինվորական հաշվառման վերցնելու փաստի ուժով կամ հօգուտ պետբյուջեի վճարման ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու դեպքում:

Ինչ վերաբերում է առողջության հիմքով փորձաքննության ենթարկելու և նմուշառումից հրաժարվելու համար քրեական պատասխանատվություն սահմանելուն, ապա, ըստ նախարարի տեղակալի, այս կետն առավել խորությամբ պետք է քննարկվի ԱԺ-ում:

Հիշեցնենք, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի շրջանակում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած նախագիծը, համաձայն որի՝ մի շարք կետերով գումարի դիմաց առաջարկվում է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից: Կետերից մեկը վերաբերում է զինծառայությունից խուսափելու համար ՀՀ քաղաքացիությունից հրաժարավելուն:  

  • Կիսվել: