Իրականում ունենք այդ իմաստով բացասական խնդիրներ. Պաշտպանության փոխնախարարը՝ նույն անձին մի քանի անգամ վարժական հավաքների կանչելու մոսին
«Բազմաթիվ բողոքներ եմ ստանում, որ այն անձինք, որոնք վարժական հավաքների են կանչվում, այդ մարդկանց պարբերաբար, հաջորդ տարի էլ են կանչում։ Ինչպես հասկանում եմ, նույն մարդկանց անընդհատ կանչում են, բայց բազմաթիվ հայրենակիցներ չեն կանչվում»,-ԱԺ-ում ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանին հարցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա հետաքրքրվեց, թե փոխնախարարի մոտ հարց չի՞ առաջանում, թե ինչից է, որ մեր հայրենակիցների մի խումբ անընդհատ «պավեստկաներ» է ստանում և թե նա զինկոմիսարիատների աշխատանքն ինչպե՞ս է գնահատում։
Արման Սարգսյանը հայտնեց, որ կան զինապարտների մի խումբ, որը ազատված է վարժական հավաքների մասնակցելու պարտականությունից, բայց հասարակությունը տեղյակ չէ իր հարևանի հիվանդ լինելուց, կամ այդ օրենսդրական կարգավորութմից։
«Օրինակ՝ երբ քաղաքացին ունի 4 երեխա, կամ իր հարևանը չգիտի, որ ունի առողջական խնդիրներ, կանչվել է հետազոտվել կամ ներկայացրել համապատասխան տեղեկատվություն, որն ազատման հիմք է եղել։ Ձեր բարձրացրած խնդիրը ևս մտահոգիչ կերպով մեր մոտ քննարկման առարկա է դարձել և իրականում ունենք մենք այդ իմաստով բացասական խնդիրներ, որ անընդհատ, թվացյալ կամ իրական նույն մարդկանց են ծանուցագրերն ուղարկում»,-հայտարարեց պաշտպանության փոխնախարարը։
Նա ասաց, որ այդ խնդիրն ինստիտուցիոնալ կարգավորելու համար ոլորտը թվայնացվել է և տեխնիկական լուծումներով կիրականացվի այնպես, որ որևէ մեկը չի կարողանա չկանչվել վարժական հավաքի, կամ կանչվել ժամկետից շուտ կամ ուշ։
Արման Սարգսյանն ընդունեց,որ թերացումը հաշվառման կամ աշխատանքի ոչ պատշաճ կառավարման հետևանք է։
Ինչը շտկվում է և մոտ ապագայում մենք վերջնական այդ խնդիրն այլևս չենք ունենա։


