շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Հայկական բանակը ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս խնդիր չունի լուծելու. Փաշինյան

Հայկական բանակը ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս խնդիր չունի լուծելու. Փաշինյան

Հայկական բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս խնդիր չունի լուծելու: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Շատ կարևոր ենք համարում, որ ամենօրյա աշխատանքային խոսակցության մեջ «մարտունակ բանակ» հասկացությունը վերափոխենք և վերաձևակերպենք «պաշտպանունակ բանակ»-ի: Երբ ասվում է «մարտունակ բանակ», չի տեղորոշվում, թե պոտենցիալ մարտը որտեղ կարող է տեղի ունենալ: Մեզ համար շատ կարևոր է, որ մենք ընդգծենք այս կոնտեքստը, որ Հայաստանի բանակը պետք է լինի պաշտպանունակ, այսինքն՝ պետք է ի վիճակի լինի պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ միջազգային օրենքներով յուրաքանչյուր պետության պարտավորությունն է ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, այդ թվում՝ հնարավոր արտաքին միջամտություններից:

  • Կիսվել: