Դուք բանակի ողնաշարն էիք կոտրում այդ օրերին. Արշակյանը՝ մարտի 1-ին Սեյրան Օհանյանի դերակատարության մասին
Դուք եղել եք այն պաշտպանության նախարարը, որը սպառնալիքներ է հնչեցրել ՀՀ քաղաքացիների նկատմամբ մարտի 1-ից հետո ուղեղը մթագնած մի ղեկավարի հրամանով, որը Հայաստանում արտակարգ դրություն էր մտցրել, գրաքննում էր բոլոր թերթերը: Այդ մասին Ազգային ժողովում ՔԿ-ի՝ 2024 թվականի գործունեության հաղորդման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի՝ ՀՀ ռազմաքաղաքական գործող ղեկավարությանն ուղղված քննադատություններին:
«Դուք բանակի ողնաշարն էիք կոտրում այդ օրերին: Դուք ГАИ-երի պոստերում բերել, ծանր տեխնիկա էիք կանգնեցրել: 5 հոգով կանգառներում հավաքվող քաղաքացիների վրա «Կալաշնիկով» ավտոմատով զինված մեր ժամկետային զինծառայողներին էիք ուղղորդում, որպեսզի նրանց չթողնեն 5 հոգով զրուցեն խաղաղ:
Ես այդ ժամանակ մասնակցել եմ բոլոր ցույցերին և գործողություններին, ինձ չեք կարող խաբել: Չեք կարող ՀՀ բանակի մասին հոգ տանել՝ լինելով պաշտպանության նախարար և բանակը դնելով այսպիսի քաղաքական ճղճիմ վիճակում, մեր զինվորիներին լցնելով փողոցները: Դուք չեք կարող դա անել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է բանակի վրա ամեն ինչ բարդելու մասին ընդդիմության քննադատություններին, Հակոբ Արշակյանը նշեց, որ մեղավոր են այն գեներալները, ռազմաքաղաքական ղեկավարությունը, այն թալանչիները, որոնք բանակի հաշվին հարստացել են, այն մարդիկ, որոնք պատասխանատու են ՀՀ-ում ռազմարդյունաբերության տոտալ ջախջախման կամ ընդհանրապես չկայացման համար: Այդ մարդիկ, ըստ Արշակյանի, պետք է պատասխանատվության ենթարկվեն: