չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
Անդրանիկ Քոչարյանը պետական շահը դրել է մի կողմ, ամբիցիայով ասել է՝ դեմ եմ քո նախագծին. Հայկ Սարգսյան

Անդրանիկ Քոչարյանը պետական շահը դրել է մի կողմ, ամբիցիայով ասել է՝ դեմ եմ քո նախագծին. Հայկ Սարգսյան

Ուզում են հայտարարություն անել և դիմել Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին ու նաև սրա մասին տեղեկացնել մեր հանրությանը. Ունենք ազգությամբ եզդի ՀՀ քաղաքացի տղա, ով 27 տարին լրանալուց հետո 2025 թվականին վերադարձել է Հայաստան, որ վճարի 8 միլիոն դրամ և ծառայի մեկ ամիս, սակայն, օրենքը նրան թույլ չի տվել անցնել պարտադիր զինվորական ծառայություն և նա հիմա կալանքի տակ է։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 1–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգյանը։

Նա նշեց, որ այդ տղային թույլ չեն տվել մեկ ամիս ծառայել, որովհետև 2025–ին դեռևս այդ պահին գործող օրենքով սահմանվում էր, որ օրենքից կարող են օգտվել այն անձինք, ում 27 տարին լրացել է, օրենքի ընդունման պահին, այսինքն 24 թվականին. «Դրանից հետո մենք 2026 թվականի հունվարին փոխել ենք և այդ կարգավորումը հանել ենք, ով երբ դառնա 27 տարեկան, կարող է վերադառնալ, ծառայել և կամ վճարելով ազատվել քրեական պատասխանատվությունից։ Սակայն այս տղան 2025 թվականի դեկտեմբերից գտնվում է անազատության մեջ և իր պատիժն է կրում արդեն յոթ ամիս ժամկետով։

Հիմա նույն տարիքի այլ տղաները, որոնք խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից, հնարավորություն ունեն վերադառնալ, վճարել կամ ծառայելով մարել իրենց պարտքը և չդատապարտվել, բայց այս տղան և նրա նման ևս 16 տղաներ չեն ունեցել հնարավորություն ծառայությունով մարելու իրենց պարտավորությունը և այսօր գտնվում են կալանքի մեջ։

Սրա մասով տվյալ քաղաքացու եղբայրը դիմել է վարչապետին քարոզարշավի ժամանակ, ես կազմել եմ օրենքի նախագիծ, ըստ որի բացի հետախուզվողներից նաև կալանքի մեջ գտնվող տղաները կարող են օգտվել այս կետից, այսինքն ծառայելով մարել իրենց պարտքը և ազատվել պատժի հետագա կրումից։ Հիմա կառավարությունում հարց ստացել է դրական եզրակացություն, բայց չի ներառվել այս արտահերթ նիստերի օրակարգում՝ Անդրանիկ Քոչարյանի դեմ կարծիք ունենալով պայմանավորված»,–ասաց նա՝ հավելելով, որ Անդրանիկ Քոչարյանը պետական շահը դրել է մի կողմ և ամբիցիայով ասել է՝ ես դեմ եմ քո նախագծին։

Հայկ Սարգսյանը հայտարարեց, որ հիմա ինքը ստորագրահավաք է սկսել և խնդրում է ԱԺ պատգամավորներին միանալ ստորագրահավաքին, որպեսզի հնարավոր լինի արտահերթ նստաշրջան հրավիրել այդ հարցով. «Վաղը մենք ունենք արտահերթ նստաշրջան, դրա ավարտվելու հետո ևս մի նիստ անենք ու այս հարցը լուծենք։ Սա հնարավորություն կտա մեր 16 տղաներին, որոնք այսօր գտնվում են անազատության մեջ, կարողանան ծառայությունով իր պարտքը մարել և այսպիսով ազատվել պատժի հետագա կրումից, ինչը նաև բխում է արդարության վերականգնման սկզբունքից։

Եթե չանենք արտահերթ, այս հարցը դուրս կմնա այս ԱԺ օրակարգից և հնարավորություն չենք ունենա այն ընդունել։ Ես ևս մեկ անգամ խնդրում եմ և մեր քաղաքացիներին, որոնք կողմ են նախագծին, կխնդրեմ, որպեսզի տարածեն և ուղարկեն իրենց ծանոթ պատգամավորներին, խնդրելով, որպեսզի նրանք նույնպես ստորագրեն և միանան այս ստորագրահավաքին, որպեսզի հնարավորություն լինի հարցը լուծել»,– ընդգծեց ՔՊ–ական պատգամավորը։

  • Կիսվել: