2023-ին մտավոր հետամնացության կետով պարտադիր զինծառայությունից հրաժարվել է 500-ից ավելի քաղաքացի, 2024-ին՝ 220
Կառավարության 404 որոշման 14-րդ հոդվածի Բ մասով 2022 թվականին պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է 1425 քաղաքացի, 2023 թվականին՝ 1433 քաղաքացի, 2024 թվականին արդեն վարչապետի հանձնարարականներից հետո՝ 158 քաղաքացի: Այսինքն՝ միայն հիվանդությունների մասով ունեցել ենք կրճատված՝ 1300-ով քիչ ազատվող: Այդ մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:
Պատգամավորը ներկայացրեց նաև մտավոր հետամնացության կետով պարտադիր զինծառայությունից խուսափողների մասով վիճակագրությունը:
«2023 թվականին 500-ից ավելի քաղաքացի է ազատվել մտավոր հետամնացության կետով, 2024-ին թիվը կրկնակի նվազել է՝ դառնալով 220, այսինքն՝ խողովակները փակելու աշխատանքները բարեհաջող կատարվում են, բայց խողովակները փակելով՝ ունեցել ենք զորակոչից խուսափողների թվի կրկնակի աճ»,- ասաց նա:
Կառավարությունը, ըստ պատգամավորի, դեռ չի կարողանում «երկիրը լքողների դեմն առնել», դրանից են բխում պարտադիր զինծառայության մասով առաջարկվող փոփոխությունները:
«Մենք չենք կարող երկիրը փակել և չթողնել, որ մեր քաղաքացիները դուրս գան ՀՀ-ից, ինչպես դա անում է այլ երկիր: Չնշեմ՝ որ երկիրը:
Որպեսզի չունենանք զանգվածային արտագաղթ, ֆիքսել ենք մի տվյալ, որ մեր քաղաքացիների կեսից ավելին չի գնում պարտադիր զինվորական ծառայության, և պետք է լուծենք այս խնդիրն առաջին հերթին բանակ գնացողների համար, որպեսզի չլինի խտրական վերաբերմունք, որպեսզի դասարանից ամենախեղճը չգնա, կամ նա, ում ծնողը չի ուզում անօրինական ճանապարհի դիմել, միայն ինքը չզորակոչվի պարտադիր զինվորական ծառայության:
Մենք պետք է պարտադիր զինվորական ծառայության զորակոչվողների թիվը ավելացնենք, որպեսզի այսօր մեր այն քաղաքացիները, որոնք բարեխիղճ են, գնում են պարտադիր զինորական ծառայության, հնարավորություն ունենան 6 ամիս շուտ վերադառնալ տուն, հնարավորություն ունենան մեծ գումար ստանալ տուն վերադառնալու ժամանակ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի շրջանակում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած նախագիծը, համաձայն որի՝ մի շարք կետերով գումարի դիմաց առաջարկվում է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից: